Մեղու անունով թերթերի 16 համարում խայտառակել էր Նազարյանցին և Նալբանդյանցին,— դու ի՛նչ ես ասում այս մասին։
— Ի՞նչպես է խայտառակել, և այդ քահանան ինչ մի զորեղ մարդ է, որ այդպես ջարդել ու փշրել է Նազարյանցին և Նալբանդյանցին։ Հավատա ինձ, եթե սոքա արժան համարեին գլուխ դնել, այն ժամանակ Մեղուի և նորա հրատարակողի շնչառությունը շատ կծանրանար, մինչև այն աստիճան, որ հարկավոր կլինի սպանիական ճանճի գործադրությունը Մեղուի կուրծքի վերա, որ դուրս քարշվելով ապականյալ հյութերը ճանապարհ տային ազատ շնչելու։
— Մեղուի հրատարակողը խայտառակել է Նազարյանցին նորանով, որ սորա վարդապետությունը անվավեր է համարում և նորա կարծիքները սխալական, որոնց գլխավորը հայոց լեզվի մասին․ Նազարյանցը ասել է, թե հայոց լեզուն հառաջանում է սանսկրիտյան լեզվի մի ճյուղից, մինչդեռ Չամչյանը, Ավգերյանը և Ինճիճյանը ապացուցանում են հայոց լեզվի առաջնությունը և Ադամի լեզու լինելը։ Նալբանդյանցին խայտառակել է նորա համար, որ սա հայոց մի քանի երևելի ուսումնականներին սխոլաստիկ էր կոչել։ Այժմ հասկացա՞ք, թե ինչո՛ւ համար կամ ի՛նչպես է խայտառակել։
— Եղբայր, Նազարյանցի վարդապետությունը երևակայական չէ, ինչպես մի ուրիշի մագիստրոսություն, մի բարձրաստիճան մասնավոր մարդու ձեռքից ստացված։ Նազարյանցի վարդապետությունը հաստատված է տերութենական օրենքների վերա․ բայց գուցե Մեղուի հրատարակողը այն պատճառով անվավեր է համարում, որ Նազարյանցը ևս չէր ստացել մի այդպիսի մասնավոր մարդուց յուր ուսումնական վարդապետությունը։ Այս ևս հարկավոր է իմանալ, որ Նազարյանցը չէր համաձայնելու ընդունել ևս մի այդպիսի պատվանուն, այնպիսի մարդուց, որ չուներ տալու իրավունքը․ և մի բարձրաստիճան անձն համալսարա՞ն է, ակադեմիա՞ է թե ի՞նչ է, որ կարող էր մագիստրոսություն և վարդապետություն բաժանել․ այդ արտոնությունքը ստացվում են շատ մեծ և ուսումնական քննութեններով և համալսարանական և ակադեմիկական հաստատութեններով, և Նազարյանցը այս ճանապարհո՛վ է հասել վարդապետական աստիճանին, որ ոչ ոք չէ՛ կարող խլել նորանից, և եթե ստուգապես, ինչպես դու ասում ես, Մեղուի հրատարակողը համարձակվել է ձեռնամերձ լինել նորա վարդապետությանը, ապա հավատացած կաց, որ դորա համար պատասխանատու կլինի նա տերության դատաստանի առաջև։ Ինչ որ դու ասում ես հայոց լեզվի համար, ես ամաչում եմ պատասխանել, ամաչում եմ խոստովանել, որ այժմ ևս կան