— Քեզ ո՛վ է ասել, որ նա երկնքումն է. նա մեզանից շատ հեռի չէ, եթե համեմատեինք տիեզերքի անչափելի տարածության հետ:
— Դու ինչ կամիս ասա՛, ես էֆիմերդե գտա և նայեցի, շատ վատ վատ բաներ է խոսում այս և գալոց տարու համար։
— Եվ այդ բաները, ամենայն տասներկու տարու մեջ միանգամ պիտի կրկնվին, այնպես չէ՞։
— Ի՛նչպես։
— Ինչ որ 1858֊ի մասին գրում է, նույն բանը գրում է և 1870 թվականի համար, որովհետև ընդամենը 12 գլուխ է այդ ծակ մարգարեությունը։
— Թերահավատություն... թերահավատություն... աստված քավյա՛ զիս զմեղավորս... աստված քավյա՛…
Այսպիսի աղոթքներով հեռացավ ինձանից պ․ Բեգզադեն․ բայց այս անգամ, ինչպես տեսանում եք, շատ կակուղ վարվեցավ, բերան չբերեց յուր բեգզադեությունը կամ 3,000 մանեթի բանը։
Ես այդպես ևս սպասում էի․ այն մարդը, որ մի բանից այրվում է, վեր է թռչում, բայց չէ մնում վերևում, իսկույն ցած է գալիս․ այդպես ևս բարկացող բեգզադեները, որոնք կամաց կամաց տեսանելով յուրյանց ընդդիմության ունայնությունը, քարշում են պոչերը։
Անցավ տարին․․․ անցավ, և մեք քո հետ, պատվելի ընթերցող, մի տարով ևս ծերացանք․․․ Նոր տարու առավոտը հազիվ լուսացած, և ահա նոր տարի շնորհավորողքը գլուխ կոտրելով չափում են փողոցները... Ես տկար կազմվածքի տեր մարդ լինելով, չեմ կարող մասնակից լինել այդ անխորհուրդ այցելութեններին, վասնորո, տանը նստած, առավել լավ եմ համարում մի փոքր մտածել քո հետ, պատվելի ընթերցող,— մտածել նոր տարու վերա։ Պիտի ասես, ի՛նչ մտածելու բան կա․ նորի տարին, նոր տարի է, դա մի այնպիսի օր է, որ ուրախացնում է ամենների սիրտը։ Այդպես չէ․ այդ արտաքին ուրախության տակ, արդյոք ո՛րքան տրտմությունք և վշտեր կան թաքնված։
Նոր տարին ինքնըստինքյան ուրախություն չէ և չէ՛ կարող մեզ