Այս էջը հաստատված է

թշվառ Ազուչենան սնուցանում է կոմսի որդին յուր զավակի պես, անվանելով նորան Մանրիկո, և ո՛չ ոքի չէ հայտնում յուր գաղտնիքը։

Երիտասարդ տղա դառնալով Մանրիկոն, սիրահարվում է մի Լեոնորա անունով օրիորդի վերա, որի վերա սիրահարված էր և կոմսի մյուս որդին։ Երկու հակառակորդքը միանգամ հանդիպում են միմյանց Լեոնորայի ներկայությամբ, կոմսի որդին ահ է տալիս, թե կսպանե Մանրիկոյին, այն պատճառով, որ համարձակվել էր սիրահարվիլ մի օրիորդի վերա, որի հետ ինքը, երիտասարդ կոմսը միտք ուներ ամուսնանալու։ Այս խոսքերը տեղիք են տալիս մենամարտության. քաջ և հաջողաշարժ Մանրիկոն բարձրացնում է սուրը, որ սպանե յուր հակառակորդը, բայց մի ձայն վերևից կանչում է նորան. «խնայի՛ր, խնայի՛ր»։

Այդ րոպեից կոմսի որդին և Մանրիկոն դառնում են միմյանց թշնամի։ Կոմսի որդին հրատարակում է մի սուտ համբավ, որպես թե մեռած էր Մանրիկոն, որ Լեոնորան հարկադրվի ամուսնանալ յուր հետ։ Բայց օրիորդը ընտրում է կուսանաց վանք գնալ․ այս բանը Մանրիկոյին հայտնում է մի նամակով նորա բարեկամներից մինը․ նամակը ստանում է նա այն ժամանակ, երբ մայրը առաջին անգամ յուր կյանքումը պատմում էր Մանրիկոյին յուր և մոր գլխի անցքը։ Մանրիկոն գնում է դեպի վանքը և տեսանում է, որ երիտասարդ կոմսը խոսում է Լեոնորայի հետ. այստեղ Մանրիկոն յուր բարեկամների օգնությամբ ցանուցիր է առնում կոմսի զինվորքը և ձեռք է բերում Լեոնորան։ Կոմսը հավաքելով յուր բանակը, մտածում է պաշարել բոլորովին Մանրիկոյի բնակությունը և, խլելով Լեոնորան, սպանել Մանրիկոն։

Այս միջոցին Աղուչենան ընկնում է կոմսի զինվորների ձեռք և հարց ու փորձի ենթարկվելով, որպես կասկածավոր ցիգան կին, կապվում է շղթաներով․ կոմսը շատ ուրախանում է իմանալով, որ Ազուչենան յուր հակառակորդի մայրն է։ Երբ Ազուչենային շղթաներով կապած տանում են Մանրիկոյի տան առաջևից դեպի բանտ, որդին տեսանում է նորան և վազում է փրկել․ բայց և ինքը ընկնում է թշնամու ձեռք և բանտ է դրվում մոր հետ միասին։ Կոմսը վճռում է որդին գլխատել, իսկ մայրը այրել կրակի մեջ։

Լեոնորան իմանալով այս մոտակա մահու վտանգը, գնում է բանտի մոտ և ողբում է յուր սիրականի տարաբախտությունը։ Մանրիկոն բանտի աշտարակից հայտնում է նորան, թե ոչինչ մյուս փափագ չուներ, բայց միայն յուր սիրականին մի հրաժարական ողջույն տալ։ Հանկարծ բանտի մոտ գալիս է կոմսը. Լեոնորան խնդրում է ողորմություն, կոմսը հրաժարվում է փրկել որպես Մանրիկոն, նույնպես և նորա մայրը։