Այս էջը հաստատված է

խոնարհաբար խնդրում եմ, որ դու և քո Հիշատակարանիդ սիրողքը առանձին ուշադրությամբ և մանավանդ համբերությամբ կարդան այս տողերը։

Երբ Սև ծովի նավարկությունը կապվեցավ, երբ ես մի փոքր թեթևացա իմ առևտրական անվերջանալի գործերից, մտածեցի ընթերցանության և մատենագրության պարապել, բայց երանի՜ թե կատարել էի սրտիս ցանկությունը։ Մինչ այս խորհրդի վերա էի, չգիտեմ ի՛նչ չար հոգի դրդեց ինձ դուրս գալ Րեդուտկալեից դեպի Կովկասու սարերը... ի՛նչ ծածկեմ պատճառը, մի փոքր արծաթի հաշիվ ունեի մի նայիբի հետ, որ ամենայն կամակորությամբ հետացնում էր, որպես հաշվատեսությունը, նույնպես և պարտքը վճարելը։ Ի՛նչ պիտո է առնել, վաճառականություն է... ասացի, այս պարապության միջոցին գնամ նայիբի մոտ, գուցե մի բան կարողանամ շինել, գուցե մի բան ընկնի ձեռքս. և ճշմարիտն ասեմ, եթե հասանեի նպատակիս, так и быть, была ни была, ինչպես ասում է ռուսը, այդ կորած ու գտանված արծաթի հաշվից պիտի բաժանորդ գրվեի Մասյաց աղավնուն, Մեղուին և Ճռաքաղին:

Մինչդեռ ճանապարհում անցանում էի մի նեղ կիրճից, վերաս հարձակվեցան չորս զրահավորված արյունկզակ լեզգիներ. տեսանելով, թե իմ կողմից ամենայն որևիցե ընդդիմություն կարո՛ղ է ինձ մահ պատրաստել, իսկույն զինաթափ լինելով անձնատուր եղա... Լեզգիները կապեցին ձեռքս մի մազեղեն պարանով և սկսեցին հառաջ վարել։ Երկար մտածութենից հետո, որոշեցի նայիբի անունը տալ, հուսալով, թե իմ այդպիսի մարդու հետ բարեկամ լինելը կարող է մի փոքր կշիռ տալ իմ անձին, թե կարող է մի փոքր մեղմել գերի վարողների կոշտ ընթացքը իմ հետ. բայց մի՛ ասա, այդտեղ է եղած իմ մեծ տարաբախտության սկիզբը։

— Խալիլ նայի՞բ,— աղաղակեցին լեզգիները միաձայն,— նա, որ կամեր դավաճանել մեծ մարգարեի փոխանորդի կյանքը, և որ քանի ամիս սորանից հառաջ անարգ մահ ստացավ դահճի ձեռքից։ Լավ ծանոթ ես ունեցել, վատ չէ, վատ չէ, մինչև այն աստիճան, որ այժմ առանց Շամիլի հրամանին չենք կարող քեզ արձակել, թեև մի մարդ քո կշռով ոսկի տալու լիներ մեզ։

— Ուրեմն ինձ պիտի տանեք...

— Դեպուղիղ Շամիլի մոտ,— խոսքս կտրեցին լեզգիները։

Երկու օր երկու գիշեր ճանապարհ կատարելով, վերջապես մի ուրբաթ առավոտ, մինչդեռ նոր բաժանվում էր մութը լույսից, մտանք Շամիլի աթոռանիստ քաղաքը։ Ինձ հանգստացուցին լեզգիները մի գոմի