Այս էջը սրբագրված է

զզվել ե՞ս մարդերից. չէ՛ պիտո հուսահատվիլ, եթե մի բարի խորհրդի վերա ես, թո՛ղ ամենակալ տերը լինի քեզ օգնական։

— Ամենակալ տերը, նա, որ քննում է մեր բոլորի գաղտնիքը, որի աչքը համարում է մեր աղիքի խորհուրդները, գիտե, որ ես լավություն և բարի՛ եմ ցանկացել ամեն մի մարդու, գիտե, որ այդ իմ սուրբ և մաքուր ցանկությունը պատճառ է եղել իմ հալածանքին անիրավ և բռնակալ մարդերի կողմից։

Վերջին խոսքերը, թե «անիրավ և բռնակալ մարդիկ հարստահարել են նորան», դղրդեցին իմ հոգին, թեև երազում չէի զգում, որ գտանվում եմ գերության մեջ, այլ այդ թշվառ վիճակի դառն տպավորությունը մի մասնով դեռևս անհետացած չէր իմ ուղեղից։

— Անիրավ և բռնակալ մարդերի կողմի՞ց,— կանչեցի ես և արյունը գլխիս զարկեց․- ես քեզ ընկեր մինչև ի մահ. ե՛կ խնդրենք այդ բոլոր անիրավութենների վրեժը։

— Ես քրիստոնյա եմ,— կտրեց խոսքս իմ անծանոթ սիրելին. — ես չէ պիտո մտածեմ վրիժառության վերա։ Մի՛թե նա, որ մարդկության համար մեռավ խաչի վերա, վրեժխնդի՞ր եղավ նոցանից, որ հասուցել էին նորան այդ անարգ մահը։ Նա չէ՞ր, որ դեռևս հորից ներողություն էր խնդրում յուր չարչարողներին։

Մի սարսուռ զգացի ես լսելով այս խոսքերը, հետո, որպես թե մի եռացուցյալ ջուր թափեցին գլխիս վերա։ Թշերս այրվում էին ամոթից, որպես կրակից:

— Ես ուխտավոր եմ թողուլ բոլորի մեղքը, և այդ ուխտը ամրացած է մի սարսափելի կնիքով — Քրիստոսի անպարտ արյունով,— շարունակեց նա։— Ես կարոտ եմ կարեկցության, ես հիվանդ եմ, և իմ հիվանդության պատճառը դուրս է իմ կազմվածքի միջից։ Ցավը, որ տանջում է ինձ, դեռևս չէ ընկել և չէ՛ ևս ընկնելու ոչ մի պատոլոգիայի մեջ. բժշկությունը ճար չունի ընդդեմ այդ ցավին. նորան կարող է բժշկել միմիայն նա, որ ասաց, թե յուր անունով մահ չկա։ Ես ունեի նորա կտակը, և ամեն օր և ամեն ժամ կարդալով նորան, ասես թե մոռանում էի իմ ցավերը, ասես թե, մի զովացուցիչ բալասան թափվում էր այդ կտակից իմ թարախոտ և փտած վերքերի վերա։ Բայց նախանձոտ մարդիկ, այստեղից ոչ շատ հեռի, ահա այնտեղ (այս խոսքերը ասելով ցույց ավեց մատով մոտակա ուռիների անտառը), խլեցին իմ ձեռքից այդ կտակը․․․

Այստեղ հեկեկանքը և արտասուքը թույլ չտվեցին շարունակել նորան յուր խոսքերը։ Մի փոքրից հետո, մի սպիտակ թաշկինակով սրբելով