Մեր բոլոր խոսակցությունքը նորա հետ այն եղան, ինչ որ գրած է Հիշատակարանիս մեջ։ Այս խոսակցության մին բանի վերա միայն զարմացած եմ, թե ինչպես մի քանի մարդիկ տեղ են տալիս յուրյանց սրտի մեջ մի վայրախոսության և բանի տեղ են դնում Մեղուի ցնորաբանությունքը. բայց չէ պիտո մոռանալ Ղազար Փարպեցու առածը, «ըստ խոզի հարսնացելոյ կոյաջուր բաղանիք», այդպիսի տգետ և կամակոր գիշերածին զավակների և այնպիսի լրագիր։
Այսօր երեկոյին մի անստորագիր նամակ ստացա. շատ ծիծաղելի է նորա բովանդակությունը, այս պատճառով արտագրում եմ բառ առ բառ:
«Պ. Կոմս էմմանուել.
Ես լսած եմ, որ դու հիշատակարան ես պահում տանդ և ամենայն օրում պատահած կամ լսած անցքերդ գրում ես այնտեղ, մանավանդ եթե մի արժանի ուշադրության բան պատահի, այս օրերս իմ բարեկամներից մինի հետ պատահեցա ես մի հազվագյուտ քաղաքավարի մարդու։
Այս քաղաքավարի մարդը երեկոյան ժամանակի խնդրեց ինձ և իմ մի բարեկամիս, որ թեյ խմելու գնանք յուր մոտ. հոժարություն ցույց տվեցինք և գնացինք։ Երբ որ դռնից ներս մտանք, մեզ հյուրասիրողը անհայտացավ մյուս սենյակներում, և ես իմ բարեկամի հետ մնացինք միայն, սպասելով գործի կատարածին։ Երկար ու ձիգ սպասելուց հետո հանկարծ երևեցավ քաղաքավարի մարդը, բայց ի՛նչ դրության մեջ. զարմանալի բան։ Սորա կինը չիմանալով, որ այրը հյուրեր է կանչելու, ջուր է պատրաստել, որ լվանա յուր ամուսինը, իսկ երբ ամուսինը ներս է մտանում, կինը ամենևին ուշադրություն չդարձուցանելով ներկա հանգամանքի վերա, հարկադրում է ամուսնուն լվացվիլ. ի՛նչ պիտո է առներ, կամա ակամա հոժարում է։ Մեր, իմ բարեկամի հետ առանձնության միջոցին, մյուս սենեկումը բաղանիքի հանդես է կատարվել․ և արդարև քաղաքավարի մարդը երևեցավ շեմքի վերա կարմիր, ճերմակ, թաց մազերով, լվացող կինը քամակից»։
Մայիսի 1: Մտածում եմ, թե մինչև ո՞ր աստիճան ողբալի էր կասկածամիտ մարդերի դրությունը. այդ բանի քանի օրինակները տեսած եմ։ Խեղճ ողորմելիքը չէին կարող հաց ուտել հանգիստ, ամեն մի չնչին