Այս էջը հաստատված է

մարդ դարձողը չկա. տեսանում եմ, որ քեզանից օգուտ չկա ո՛չ Մոհամմեդին, ո՛չ Ալիուն և ո՛չ նաև Այիշա-Ֆաթիմային, անհետացի՛ր իմ աշխարհից ինչ ճանապարհով որ եկար, միայն մի՛ մոռանար Շամիլի մեծահոգությունը։

Դուրս եկա նորա սենեկից, արձակեցին ձեռքիս շղթաները. երկու օրից հետո հասա Րեդուտկալե, բոլորովին հիվանդ։ Մոտ իբր քսան օր ընկած էի մահճակալի մեջ, և բանագետ բժիշկների հոգաբարձությունքը կարողացան այնքան թեթևացնել ինձ, որ հնար ստացա այս նամակը քեզ գրելու։

Ուրիշ ոչինչ նորություն չունիմ քեզ հայտնելու. լսվում է միայն, որ մեր նորընտիր վեհափառ հայրապետը ապրիլի մեջ գալու է մեր կողմերը և գնալու էջմիածին։

Ողջ եղիր ամենայն հաջողությամբ, ամենակալ տերը թող առաջնորդե ձեզ ձեր վտանգավոր ճանապարհորդության մեջ։ Մնաս բարով մինչև ցմյուս նամակս։

Քո անխարդախ բարյացակամ Ս. Խ. Շահբեգ

P. Տ. Լսում եմ, որ Փարիզում հրատարակվում է մի նոր ազգային օրագիր թե լրագիր Արևմուտք անունով, և թե Մոսկվայի մեջ, կամ գուցե բոլոր Ռուսաստանի մեջ, այդ օրագրի գործակալ պիտի անվանվի պ․ Նալբանդյանցը։ Ի՛նչ լավ կլիներ, գո՛նե հնար կունենայի ես ևս ստանալու, ուրիշները ևս նույնպես. ըստ որում մտածում եմ, որ այդ գործը բավական արժանավոր բան լինի։ Հրատարակողներից մինը պ. Յ. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար։

Շահբեգ

Այս նամակով կնքում եմ այս անգամի Հիշատակարանս, ըստ որում բավական երկարացավ. մի՛ գուցե ձանձրացնեմ ընթերցողքս որ մինչև այժմ սիրել են իմ Հիշտակարանը, ուստի թողնում եմ այլ բաների մասին խոսել մինչև մի այլ հաջող րոպե։