Այս էջը հաստատված է

— Այո, կա այդ բանի մեջ ճշմարտություն. բայց դու զուգահեռաբար հառաջ գնալով ազգի կյանքի հետ, ամենայն առողջամտությամբ հարկադրված ես այդպես ընթանալ։ ճշմարտությունը, ավելի շուտով ըմբռնելի է լինում անդաստիարակ և ասիացի ազգերին․ այդ վնաս չունի, միայն դու հառա՛ջ գնա։ Կգա օր, կծագե և քո համար այն արշալույսը, երբ քո ընթերցողքը կարող կլինին նայել եգիպտական աստվածուհու երեսը, առանց քողով ծածկելու նորան։

— Այդ ե՞րբ է լինելու։

— Ինձ չէ տված գիտենալ ժամը և ժամանակը. ինձ տված է միայն գուշակել...

— Դու մարգարե՞ ես, ի՛նչ ես, որ գուշակում ես։

— Ո՛չ, ես մարգարե չեմ և իմ ապագայի մասին գուշակությունը հիմնվում է անցած և ներկա իրողութենների և հանգամանքների վերա։

Ահա այսպես․ այնքան ձեռնհաս չեղա հառաջ վարել Հիշատակարանս, մինչև որ հանդիպեցա նորա մեղադրությանը։

Զարմանալին այս է, որ Բեգզադեն ևս ձանձրացել է Հիշատակարանիս չերևելուց։

Երկար և անդադար ճանապարհորդությունքը Եվրոպայում, ամսօրյա ժամանակով դեգերվիլը հանքային ջրերում, տկարության կատաղաբար զայրանալը և սորանից պատճառված աննկարագրելի ֆիզիկական թուլությունը համարյա՛ թե զրկել էին ինձ կարողութենից գրիչ ձեռք վեր առնուլ։ Մյուս կողմից բյուր նորանոր տպավորությունք պատերազմ բանալով ուղեղիս մեջ աշխատում էին յուրաքանչյուրքը առաջին տեղը բռնել Հիշատակարանումս․ բայց ես թողնում եմ նորանց, մինչև որ մի փոքր նստի նոցա ջերմությունը, որպեսզի սառն աչքով կարողանամ նկատել նորանց. մանավանդ որ այդ բաները համարյա թե հարակցություն չունին իմ նվիրական ազգային խնդիրների հետ։ Ի՛նչ օգուտ ինձ Լոնդոնի հսկայական կերպարանքից, ի՛նչ օգուտ Փարիզի փառավոր և զեխ դեմքից, Բեռլինի և Գերմանիայի մտածող և փիլիսոփայական պատկերից, մինչ նոցա հետ միասին աչքիս առաջև են գալիս ավերակ Հայաստանը, ցիրուցան ժողովուրդը, անդաստիարակ և նյութապաշտության հոգով գործականապես տաշված ազգի զավակները, անխորհուրդ և տղայական փառասիրությամբ հիվանդ, միակողմանի, ուսումնական անվանված պարոնները, որ թիթեռնակի պես թռթռում են ճրագի չորս կողմով, երբ սա երևում էր հայկական թանձր խավարով պատած խոնավ գետնափորի մեջ...

Ամեն մի զվարճալի տեսարան, ամեն մի կրթված ու բարեկարգ