Չկամիմ նամակս սկսանել նորանով, թե ողջ և առողջ էի. մաշված ձև է, և նամակը բավակա՛ն է գրողի կենդանությունը ապացուցանելու համար։ Չկամիմ դարձյալ մեջ բերել իմ առ ու տրական գործերիս ընթացքը, որովհետև նոքա ոչինչ հարակցություն չունին այն բանի հետ, որ վաղուց սրբացած է իմ և քո համար։
Սկսանում եմ նորանից, որ այս օրերումս ձեռքս հասավ Թիֆլիզի առաջնորդի Ճանապարհորդության երկրորդ հատորը, տպած Թիֆլիզում, 1858-ին։
Դորա առաջին հատորը տեսած ես․ ուստի ավելո՛րդ է տեղեկություն տալ քեզ նորա մասին, թեև նորա սրբագրության պատմությունը բավական ծիծաղաշարժ բան է, մանավանդ նորանով, որ սրբագրությամբ ևս չէ մաքրվել սխալներից։ Կամ բնագիրը մինչև այն աստիճան աղճատ էր, որ օրինավոր սրբագրությունը նորից գրելու աշխատության հետ հավասար լինելով, թեթև աչքով և առանց կատարյալ ուշադրության նայել է սրբագրողը, կամ սա՛ ևս արժանի հեղինակին արժանի սրբագրող է եղած․ ինչևիցե։ Այս երկրորդ հատորը, որ անտարակույս տեսած չես, հարկադրում է մի քանի բառ խոսել, մինչև որ դու ինքդ տեսանես և գրես մի օրինավոր քննություն[1]։
Ավելորդ է մի խոսք ևս ասել տպագրության անպիտանության մասին։ Թիֆլիզը, որ այսօր Ռուսիայի առաջնակարգ քաղաքներից մինն է, դեռևս տպում է այնպես, ինչպես Գուդդեմբերգը փորձեց տպագրությունը առաջին անդամ, կամ, գուցե, ավելի տգեղ։ Բայց այս նոր բան չէ․ ինչպես մինչև այսօր Թիֆլիզում տպված գրքերը, նույնպես և պատվելի Մեղուի տպագրությունը կարող են ստուգել ասածս:
Քեզ քաջ հայտնի լինելով, թե մինչև ո՛ր տեղ տարածվում էր հեղինակի գիտությունը ոչ միայն մարդկային ընդհանուր, այլև հայկական լեզվի մեջ, զարմանալու չես իհարկե, եթե ասեմ, թե այդ բավական հաստափոր գիրքը շտեմարան է զանազան սխալների։
Այնտեղ, որքան կամիս կարելի է գտանել ոճերի սխալ, հայկաբանության սխալ, բառերի գործադրության սխալ և վերջապես ուղղախոսության և քերականական սխալ։ Լեզուն բավական մոտ է միջին դարերի վերջերում գրված հայկական գրքերին, երբ որ հայոց լեզուն սկսանում էր ընկնել այն մեծ քնի մեջ, որ պիտի ընդհատվեր Սեբաստացի Մխիթարի ձեռքով։ Մի քանի բան եթե այլապես է գրված, ուրեմն
- ↑ Այնքան գրելիք կան, որ ժամանակ կորուսանել մի այդպիսի գիրք քննելով, ամենևին կամք չունիմ․ հայտնում եմ հրապարակով։
Ծան․ կոմս Էմման․