Այս էջը հաստատված է

Հայոց պատմության թերությունքը գտանվել են նորա կյանքի մեջ և պատմության բաց մնացած երեսները, ուր պիտի գրվեին ազգի ընտանեկան կյանքը, թագավորների, նախարարների ընտանեկան կյանքերը, պարզվելու չեն երբեք իմանալով, թե ո՛վ որքան գետին կամ կալվածք ընծայել է այս կամ այն վանքին և թե վանքերի միաբանքը քանի՞ պատարագ խոստացել են նորան։

Հնախոսությունը մի առանձին և հոյակապ գիտություն է. և հնախոս լինել կարող է միայն այն մարդը, որ քաջ տեղյակ էր ընդհանուր պատմության, ընդհանուր օրենսգիտության, հին և նոր քաղաքական աշխարհագրության։ Գավառներ և աշխարհներ ստորագրող մարդը բացի այս գիտութեններից պիտի քաջ ուսած լինի բոլոր բնական գիտությունքը, բնական և մաթեմատիկական աշխարհագրություն։ Նա յուր նկատողությունքը պիտի արձանագրե, ծանրաչափը, ջերմաչափը և էլեկտրաչափը ձեռքին, ամենայն րոպե փորձելով և զննելով։ Այս ասածներիցս և ոչ մինը օգնական և ձեռնտու չլինելով մեր կարդացած գրքի հեղինակին, հարկավ նորա աշխատությունը պիտի նմաներ մի առասպելի, որ մի պառավ կարող էր պատմել յուր թոռներին ձմեռնային երկար երեկոներում, առանց փաստերի և ապացույցների, միմիայն կույր հավատ պահանջելով լսողների կողմից։

Եվ մի՞թե սորանից ավելի է այն առասպելը, որ հեղինակը տալիս է ազգին համարյա՜ թե հալած յուղի տեղ, պատմելով թե մոնգոլները, երաշտության ժամանակ, եթե կամենան, կարող են անձրև բերել։ Հեղինակը վկա է բերում այս բնության ընդդեմ գործին յուր ղզլարեցի հայ թարգմանը և այլ արժանավոր անձինք։ Թող բյուր անկիրթ և անդաստիարակ մարդիկ վկայեն, բայց մի օրինավոր մարդու անվայել է այդպիսի անալի և անհամ սուտեր ոչ թե տպագրությամբ հրատարակել, այլև բերանից անգամ հանել։ Ահա հեղինակի բուն խոսքերը (տե՜ս երես 438). «Մերկանան զհանդերձս իւրեանց և սպիտակ կտաւ արկեալ զանձամբ կանգնին յեզր միոյ վտակի, այնուհետև ի գուճս անկանին և բարձրանան և աղօթեն. ապա յետ կիսոյ կամ միոյ ժամու արշաւեն ի բարձունս ի չորից կողմանց սևաթոյր ամպք, զօրէն զօրաց հապճեպ ժողովելոց, և սկսանի տեղալ յորդահոս անձրև»։

Ազգերի և ժողովրդների բարոյական կյանքի վերա արած նկատողությունքը ևս ուղիղ չեն. պատճառ, այդ բաների աղբյուրը ամենայն խնամով պիտո է որոնել ազգային կյանքի հետ հարակից հանգամանքների մեջ։ Պախարակել մի սովորություն, որպես ազգային ախտ, իրավունք չէ, եթե այդ սովորությունը մտել է ազգի մեջ օտարից, որի հետ