Այս էջը սրբագրված է

յուր անունով և Նահապետ ստորագրությամբ հրատարակած կամ մինչև այժմ դեռևս չտպված տաղերգությունքը տպել է առանձին, որպես Նվագք, Հայրունի մակագրով։ Հին լեզվով գրվածների մեջ տեսանում ենք գործ դրված ամենայն ջանք և ճիգն մթնախոս լինելու, իսկ Նահապետի անունով գրվածքը թեև աշխարհաբար, բայց շատ հաղթահարված հին լեզվից, և նմանել ցանկանալով մեծ Հայաստանի լեզվին, շատ անգամ մեջ խառնած այնպիսի տեղական բառեր, որ շատ սակավ էին գործ ածվում։ Հ. Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար և այդ քանքարը կարող էր ավելի պարզ և վառ երևել, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ։ Միևնույն կերպով ցավում ենք և Խորեն վարդապետի վերա, քաջ գիտելով նոցա դրությունը և հայացքի, շատ անգամ գուցե ակամա, սահմանքը։ Շատ և շատ երախտապարտ կկացուցանե մեզ ծերունի Նահապետը, և խոստանում ենք, որ Հայաստանի լուսնակը յուր շողը կկաթե նորա գերեզմանաքարի վերա, եթե յուր այսուհետև երգելիքը երգե ավելի հասկանալի (հասարակ ժողովրդի համար) լեզվով։ Արժանապատիվ Խորեն վարդապետը խոստացել է մեզ այս, յուր կողմից, ուստի և ավելորդ ենք համարում վերստին խնդրելով ձանձրություն պատճառել։

Չէ կարելի մի երկու խոսք չասել Փարիզում գտանված մի ծերունի պապական հոր մասին։ Նորա վերտառությունը այսպես է. Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետյան, համախոհ Մխիթարյանց Վենետկո։ Այս վերջին բացահայտիչ խոսքերը, թերևս գրվում են այն մտքով, որ ընթերցողը իսկույն հասկանա, որ նա, թեպետ արդեն քառասուն տարու չափ բաժանված Մխիթարյան միարանութենից. գտանվում է Փարիզում, որպես ֆրանսիական քահանա, բայց այնուամենայնիվ միևնույն ուղղության և սկզբունքի տեր է, ինչպես Մխիթարյանք։ Ուշ է զարթել այս ծերունու մեջ գրելու ցանկությունը և Եղիշեն յուր խորին ծերության մեջ ֆրանսիարեն տպելով, ձեռք է զարկել հրատարակելու մի այլ գիրք։ Բայց այս գիրքը մինչև այժմ հայերի մեջ տպված գրքերին չէ նմանում, նախ յուր բովանդակությամբ և երկրորդ հրատարակելու կերպով, որից առված է և գրքի մակագիրը Ընծա:

Շնորհակալ ենք պատվելի ծերունուց, որ պատվասիրեց մեզ ընծաներով, բայց ճշմարտության հարդը չենք կարող ուրանալ, մեզ ոչինչ ընծայով չէ կարելի կաշառել։ Ընծա անունով գիրքը, թող որ երկու հառաջաբան և մի վերջաբան ունի, սակայն շատ աղքատ է յուր բովանդակությամբ։ Գլխավոր խորհուրդը Ընծայի է հորդորել հայերը դեպի միաբանություն, բայց այս միաբանությունը արգո ծերունու գրչի տակից