նա է այն աստվածային հուրը, որ ջերմացնում է ամենայն սառն սիրտ և պտղաբեր է գործում ամենայն ամուլ և անծին հոգի։
Բայց լուսավորություն ստուգապես, լավ միտք առնելով այս մեծախորհուրդ բառիս նշանակությունը, առանց թույլ տալու յուրաքանչյուր մարդու ազատորեն խոստովանել յուր սրտի վկայությունը, մեք ճանաչում ենք կորստաբեր իմաստակություն, առաջնորդված ճիզվիթական հոգով։— Կեցցե՜ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՛ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
—Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
ճակատագիրը վերևից.
—Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ոհ՛, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կսպասե.
Ազատություն սիրողին,
Այո աշխարհը խիստ նեղ է։