Այս էջը հաստատված է

— Իմ ռոճիկը հերիք չէ այդ պակասը լցուցանելու համար, կցորդում է երիտասարդը հեգնությամբ։

— Մնացածի համար մուրհակ կտաս,— ասում է Բեգզադեն։ — Ես այսքան տարի ծառայեմ, քեզ այնքան շահ ցույց տամ, հերիք չէր այս, ոչինչ վարձ չառնում, այլև պարտակա՞ն մնամ, այս ո՛ր աշխարհի կամ ինչ կրոնից թույլ տրված գործ է,— հարցանում է երիտասարդը։

— Ես փիլիսոփա չեմ,— պատասխանում է Բեգզադեն թաբակը քաշելուց հետո տուփի կողքին զարկելով:— Ապրանքը հնացած է և այժմ չէ արժում մի մանեթ։

Այս կերպով ևս վերջացնում է Բեգզադեն յուր հաշիվը. մնացորդ ապրանքը հետ է ընդունում ցած գնով, չէ տալիս երիտասարդի վարձը և պակաս մնացած արծաթի փոխարեն առնում է մուրհակ։ Երիտասարդը չէ կամենում դատաստան մտանել, քաջ իմացած լինելով Բեգզադեի սովորությունը, որ ծառայողի 100 մանեթ վարձը կտրելու և յուր անխիղճ կամքը հառաջ տանելու համար, պատրաստ է 1000 մանեթ կաշառք տալով, դատաստանը թյուրել։

Այս գործողութենից հետո, մի քանի մարդիկ տեսանում են Բեգզադեին, որ նա, քաղաքի նշանավոր փողոցի մեջ, յուր վաճառանոցի առաջև, օր ու ցերեկով, գիշերազգեստը հագած ման է գալիս մի հրեայի հետ, աշխատելով խաբել, կամենալով մի մուշտակ գնել նորանից։

Երկրորդ, Բեգզադեն սովորություն ուներ ապրանք ուղարկել մի մեծ քաղաք, երբ վաճառի հանդես էր լինում այնտեղ։ Մի այլ վաճառական պարոն, որ նույնպես պարապում էր այդ առուտուրով գնում է Բեգզադեի մոտ և ասում է, որ եթե այդ անգամը Բեգզադեն հոժարի մարդ և ապրանք չուղարկել այդ վաճառահանդեսը, ինքը, պարոնը պատրաստ է մի քանի ամիս ժամանակով գնել Բեգզադեից մոտ իբր 15,000 մանեթի ապրանք, հարյուրին 10 շահով։ Բեգզադեն համաձայնում է, տալիս է ապրանքը և ստանում է պարոնից կանոնավոր մուրհակ։ Երբ գնող պարոնը յուր ապրանքի հետ միասին հեռացած էր քաղաքից, դեպի վաճառահանդեսը, Բեգզադեն մյուս օրը գնում է վաճառափողոցը (биржа) և այնտեղ խոսում է այսպես.

— Մի մարդ, որ ինձ հիմար անվանե, իրավունք ունի։

— Ի՜նչ պատճառով,— հարցանում են վաճառականք։

— Այս ինչ պարոնի այսքան արծաթի ապրանք հավատացի. բայց, թե նորան վաճառած, թե ծովը ձգած միևնույն է։ Ո՜վ մի կոպեկ կտա այժմ նորա մուրհակներին։