էին տվել ձեզ այնքան խոսելու, մինչև որ Մուզան հարկադրվեր Մասյաց դարևանդիցը դադարեցնել ձեր գոչյունը...
Եղբայր, սիրական, պարոն (ներեցեք ինձ, որ այսպես ընտանեբար վարվում եմ ձեր հետ), ե՛րբ կամ ո՞ւր տեսաք, որ հայրենասերքը ազգի վերքերի վերա վերք էին հավելացնում․ դուք հարցանում եք, թե «մինչև ե՛րբ պետք է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվեն ազգի վերա», հառաջուց ասացեք ո՞վքեր են այդ մարդիկը, որ անարգում էին ազգը և թքում ու մրում էին նորան, ոչ ոք չէ կատարել այդպիսի գործ․ ես տեսանում եմ, որ դուք հայոց ազգի մի քանի այլ անդամների հետ միասին, ֆանատիկոսությամբ և տենդային ջերմության մեջ խոսում եք, և այդ է պատճառը, որ չեք կարող զանազանել ազգի անմխիթար պակասությունքը բուն ազգիցը և ձեր աչքումը, ինչպես հայտնի ցույց եք տալիս, միևնույն կշիռ ու հարգ ունին թե ազգը և թե նորա պակասությունքը և, եթե ավելի լավը կամիք, պակասությունքը ավելի նախընտիր են քան թե բուն ազգը։ Եթե այսպես չլիներ, դուք ուրանալով ազգի ապագա բարօրությունը և լուսավորությունը, որ պիտո է հառաջանար պակասությունքը վերանալուց հետո, խունկ չէիք ծխելու այդ պակասութենների կուռքերին և չէիք ազգացուցանելու նորանց։
Ազգը էապես անարգողքը չեն նոքա, որոնցից գանգատ ունիք, որովհետև մերկացնում էին ծածուկ պահած ազգի վերքերը, վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, այլ այն սուտ ազգասերքը, որ խեղճ ողորմելի Մեղուին լծել են մի սայլի և ինքյանք լցվելով մեջը հարկադրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին․ այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարդու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն։ Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագավորե սուտը և թաքնությունը․ բայց ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել և պատուհասել բերանով և գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին։ Եթե մեք, որպես անդամ ազգի ճանաչում ենք մեր արժանավորությունը, պիտո է ուրեմն խոստովանենք մեր ունեցած