Այս էջը սրբագրված է

Տարակույս չկա, որ կզարմանաս և թեթևամտություն կհամարես, երբ որ կկարդաս հեշտ ճանապարհով խոսքը, բայց այն ժամանակ հիշիր, որ հայերը ունին և պահպանում են դեռևս մի կրոնական միություն, հիշիր, որ ամենայն տեղ կան քահանայք և պատկանում են մի վիճակի, մի իշխանության, այսինքն ենթադրյալ են մի եպիսկոպոսի. եպիսկոպոսքը գտանվում են մասնավոր պատրիարքների, կամ Սսու և Աղթամարի կաթ՝ողիկոսների իրավասության տակ. իսկ բոլորը միասին ունին և ճանաչում են մի հոգևոր գլուխ, որի օրինավոր հրամանները միշտ ընդունելի եղած են, ընդունելի են, և պիտի լինին հոգևոր դասուն: Կարծեմ, որ այժմ հասկացար միտքս:

Գո՛նե մի անգամ կվերանային տարակուսությունքը և կարոտ մնալու չէինք այնուհետև օտարների վկայությանը։

Ո՛րքան մեծ ամոթ է մեզ, մեր ազգին ընդհանրապես, որ մենք չգիտենք մեր թիվը, որքանությունը և վիճակը, և հարկադրված ենք սուտ ու մուտ ծանոթությունք մուրալ այս կամ այն օտար հեղինակից կամ ճանապարհորդից, մանավանդ երբ այդ վկայությունքը, լինելով շատ անհամեմատ միմյանց հետ, չունին իրավունք մեզանից կատարյալ հավատ պահանջելու։

Այս վերջին օրերումս մի քանի մարդ, չգիտեմ ինչ նպատակով, աշխատում են փոքր ցույց տալ հայերի թիվը. այսինքն 3—4 միլիոն, մինչ մեր կարծիքով պիտի լինի 4—5 կամ հինգ միլիոնից փոքր պակաս։ Հայտնի բան է մեծ բազմությունը գտանվում է Տաճկաստան։ Մինչ Սամսոն գնալու համար անցանում էի Սինոպից, պատահեցա մի տաճկաց պաշտոնեի, որ ծառայում էր տեղական փաշայի մոտ, և որ պատմեց ինձ, թե տաճկի կառավարությունը դիվանական կերպով համարում է յուր հպատակ հայերը 3,800,000։ Սորա վերա շատ չանցավ, ձեռքս ընկավ էդմոն Շերթիե ֆրանսիացու գիրքը[1]: ՈՒր հայոց թիվը բարձրանում է մինչև 3,900,000, որոնցից, ասում է հեղինակը, 400,000 բնակվում են եվրոպական Տաճկաստանում, իսկ մնացյալ երեք միլիոն հինգ հարյուր հազարը ասիական Տաճկաստանի մեջ։

Համաձայնի՛ր ինքդ, թե ի՜նչպես կարելի է ազգի հառաջադիմության վերա խոսել, ազգի վերանորոգության վերա մտածել, առանց ճիշտ տեղեկություն ունենալու ազգի վերա, նորա որքանության և վիճակի մասին։ Մինչև այժմ, մեք, խոսելով այս բաների վերա, համարյա՛ թե խարխափել ենք մի խավար գետնափորի մեջ, իսկ երբ Երևան

  1. Refurmes en Turquie, par Edmond Gher'rtier. Paris, 1858.