Այս էջը հաստատված է

— Անտարակո՛ւյս:

— Արժանավոր հատուցումն։

Մեք կտրում ենք այս մասնավոր խոսակցության թելը, որ, մի տան անկյունում, երկու մարդու մեջ կար։ Մեք դառնում ենք դեպի հասարակությունը, որի համար, գո՛նե արտաքին ձևով, տպվել էր այդ գործը. մեք կամինք այստեղ նկատել դորա հետևանքը վերաբերությամբ դեպի հեղինակը։

Հասարակությունը միաբերան մերժեց այդ հայհոյությունքը, այլև հալածեց հեղինակի գլխից այն կախարդական լուսակամարի երևույթը, որի մեջ մի քանի մարդերի աչքում պատկերանում էր պարոնը։ Հասարակությունը իրավունք տվեց այն բոլոր մարդերին, որ երբևիցե բամբասված էին պ. Չերքեզյանից. հասարակությունը ստուգապես ճանաչեց այժմ նորան յուր գրվածից։ Վարագույրը հետ քարշվեցավ և հերոսը գտանվում է թատրոնաբեմի վերա. ո՛վ կհամարձակվի բերան բանալ. խոստովանիմ և հավատամ:

Չենք կարող ուրանալ, որ այդ գրվածը հավանելի էր եղել մի թեթևամիտ պառավի, որ երբեմն մի քանի կեղծավոր մարդերի բերանով համեմատվել էր Հոմերոսի և Միլտոնի հետ (ո՛րպիսի սրբապղծություն). բայց մի՞թե ստույգ չէ առածը «նման զնմանն սիրէ»։ Դարձյալ պիտո է ասենք, ճշմարտության պարծանքի համար, որ այդ պառավը, յուր վայր ի վերո խոսակցության պատուհասը ընդունեց մի կտրիճ բանասերից, մի բազմության մեջ, մինչև որ անվանված Հոմերոսը ինքը ուրախությամբ ընտրեց Զաքարիայի իննամսյա լռությունը։

Չենք ուրանում, նույնպես, որ պ. Չերքեզյանցի գործը շատ և շատ հաճելի էր եղել մի այլ երկակենցաղ պարոնի, որ թեև ատում էր գործի հեղինակը, բայց ավելի մեծ ատելություն ունենալով դեպի Հյուսիսափայլի գործակատարքը, այնքան ուրախացել էր, որ մինչև անգամ ոգևորվել էր... Բայց զարմանում ենք, թե ինչպես «Կոտրած ոտքով կովի» անմահ տաղերգուն մի տաղ չէ ասել պ. Չերքեզյանցի հիշյալ հսկայական քաջագործության վերա։

Մեղուի 13-երորդ թերթը հրատարակվելուց հետո, մեք բավական միջոց քննեցինք այն տպավորությունքը, որ այդ գրվածը արեց հասարակության վերա․ և տեսանելով, որ ժողովուրդը զզվելով մերժեց և դատապարտեց, մեք հասանք մեր վճռական նպատակին:

Մեր սիրտը և հոգին վկայում է մեզ մեր գործի արդարությունը։ Այս վկայությունը հերիք մխիթարություն է մեզ և անսպասելի աղբյուր մինչև ի մահ գործականության։