Այս էջը հաստատված է

պաշտոնեի համար ճշմարտությունը շատ անգամ ճանապարհ է բացել դեպի գլխապարտության սյունը (էշաֆոդ), շատ անգամ հանել է նորան փայտակուտի վերա։ Ի հարկե կարդացած կլինիք Լերմոնտովի Մարգարեն. նա մի տեղ ասում է.

«Սկսեցի սեր քարոզել,
Սուրբ ուսումը ճշմարտության,
Եվ իմ բոլոր մերձավորքը
Կամեին ինձ քարկոծ առնել»։

Եվ արդարև ճշմարտությունը մի այնպիսի բան է, որ պատճառ է լինում մարդերի միմյանցից հեռանալուն. ինքը ճշմարտության վարդապետը գուշակել էր, որ յուր քարոզությունքը, յուր ճշմարտությունը պիտո է բաժինք հառաջացնեին։ Բայց ծածկել և վարագուրել ճշմարտությունը աշխարհին հաճոյանալու համար, սատանայի գործ է. հեռի՛ մեզանից, և մեք անպարտ ենք։ Թող բամբասվինք ճշմարտության համար, փույթ չէ, միայն թե աստուծո ձայնը չասե մեր սրտի մեջ, թե մեղանչել էինք ընդդեմ ճշմարտության։

Ձեր հոդվածը վերջացնում եք նորանով, որ ազգը վատաբանելը և ազգի վերա կոծելը և ողբ կատարելը անօգուտ եք համարում ազգին. իբրև ապացույց ձեր խոսքին մեջ եք բերում Խորենացու ողբը հայոց ազգի վերա և ասում եք, թե այդ չորս հազար տարվա ողբը ոչինչ արդյունք հառաջացուցած չէ և այլն. այսքան պիտո է իմանալ, որ ոչ ոք դեռևս ճշմարտախոս հեղինակներից պարսավապետ չէ և այդ պաշտոնը յուր պարծանքով հանդերձ մնացած է հայոց միակողմանի ուսումնականներին, որոնց թիվը բարձրացնում եք մինչև բյուր. գուցե ձեր աչքումը շատ փոքր նշանակություն ունի բյուրը, բայց մեք տասն հազարը համարում ենք մի բյուր։ Նմանապես մեք անարժան ենք համարում կանացի ողբ ու կոծը, որ հառաջանում են մեծ մասով հուսահատութենից, մինչ մեք իբրև քրիստոնյա դատապարտվում ենք եթե կորուսանելով մեր հույսը ձգեինք մեր անձը հուսահատության ծովը։ Ասում եք, թե Խորենացու ողբից բան չէ հառաջացել. դորա մեղավորը Խորենացին չէ։ Աշխարհիս երեսին ձայն ասացյալը լսողի համար է, ով ականջ ունի լսելու, թող լսե. իսկ հայոց ազգի համար շատ բաներ անցանում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Դուք կամիք արդարացնել Խորենացու անձը, ասելով որ հանգամանքը բռնի խլել էին նորա բերանից այդ ողբը. առաջինը, պարոն, Խորենացին անկարոտ է մեր նման փաստաբանների պաշտպանությանը, մանավանդ որ ոչինչ սուտ չկա նորա ասածի մեջ.