Այսպիսի բաներ հազարավոր ունինք նկատած այդ գրքի մեջ, որ ինքնըստինքյան ոչ այլ ինչ է, բայց միայն ժողովածու տեղի և անտեղի, հում և խակ նյութերի, որ առանց ընտրության, առանց կարգի, այս ու այն տեղից հավաքել է և տպելով խոշոր տառերով, այլև ցանցառ տողերով, կազմել է մի հաստլիկ գիրք, որպեսզի տեսանողը գոնե երևույթին նայելով հոժարի վճարել որոշած գինը։
Բայց մեք այդ բաների վերա խոսելու միտք չունինք, լռությունը համարելով ամենաարդար դատապարտություն այդպիսի պակաս և անկազմ ծնունդների համար... Բայց աստուծո սիրու համար ասացեք, ինչպես թողունք հետևյալ տողերը. «Ներսեսի մահուց հետո դրված է հայոց եկեղեցու ընդհանրականից բաժանվելու կորստական սկիզբը» ներսեսի հաջորդ Սահակը,ջերմեռանդությամբ պաշտպանելով ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան յուր անձնական արտոնությունքը և իրավունքը, չկամեցավ այլևս Կեսարիա դիմել, յուր կաթողիկոսական իշխանության հաստատություն ստանալու համար, և այլն և այլն» (երես 105)։
Այտեղ հիշված Ներսեսը և Սահակը են մեծ Պարթևները, բուն Լուսավորչի ցեղից, որոնց հիշատակը հանդիսավեհությամբ տոնում է մեր եկեղեցին, որոնցից սուրբ Սահակին ճանաչում է հայոց ազգը մեծ պատճառ յուր լուսավորության, այլև հիմնադիր թարգմանության սուրբ գրքի: Չդիտենք ի'նչ մտածել պ. Խուղաբաշևի խղճմտանքի մասին, որ չէ երկբայում մուր քսել այսպիսի անմերձենալի մարդու վերա, կարծիք տարածելով մեծ սուրբի մասին, որպես թե նա, ոչ այնքան եկեղեցու օգուտը որքան յուր անձնականը պաշտպանելու մտքով չէ դիմել դեպի Կեսարիա։
Եթե, արդարև, սուրբ Սահակի օրով լիներ դադարեցուցած մեր կաթողիկոսների ձեռնադրությունը Կեսարիայում, այն ժամանակ ևս, սուրբ Սահակի վարքը, որքան մեզ հայտնի է, տեղիք չէր տալիս մտածելու, թե այդ առաքինի հոգին, եկեղեցու և ազգի համար կենդանի նահատակը, երբևիցե կարող էր յուր անձնականը գերադաս համարել եկեղեցական օգուտից։
Այդ երանելի և սուրբ կաթողիկոսները ե՞րբ և ու՞ր ցույց են տվել անձնական օգտի կամ փառասիրության ծարավ. խեղճերը ազգի օգտի համար անդադար նեղության, հալածանքի մեջ տարուբերվելով, մինչև անդամ յուրյանց մարմնավոր պիտույքի մասին նեղություն կրելով, նեղություն և ցավ հալածանքից, աքսորից, սովից, նեղություն և ցավ սուտ բարեկամներից և դրուժաններից. այդ հոգիացած առաքինի մարդերից ոմանք ծեծի տակ հոգին փչելով (մի խրտվիլակ թագավորի հրա