Այս էջը հաստատված է

մարդ, որ այժմ առաքինի էր, կարո՞ղ էր դա վատթար մարդ լինել, եթե սնած ու աճած լիներ մի վատթար շրջակայքի մեջ, կամ մի վատթար մարդ առաքինի լինել գտանվելով առաքինի շրջակայքում. այս խորհրդածութենով պարապված է միտքս այս րոպեիս, մինչ գրում եմ Հիշատակարանիս այս տողերը, մայիսի 30֊ին։

Շատ փորձեր և օրինակներ ստորասաբար պատասխանում են այս խնդրին, այո՛ և իմ սեփական նկատողությունքը, ուրիշ շատ մարդերի նկատողութենների հետ, դրականապես հաստատում են այս բանը, թե մարդը ծնանելով չունի յուր մեջ առաքինության կամ վատթարության սկիզբն կամ տարր, և հոգու այդ ունակությունքը հետևանք են նորա լավ կամ վատ շրջակայքի ազդեցութենից։

Արտասվելի՜ բան․ մարդը, որ կարող էր առաքինի լինել, լինում է մի վատթար, մի չարագործ էակ, դատապարտության արժանի և մարդկային, և աստվածային դատաստանի առաջև։

Արի՛ մի փոքր, ֆիզիկապես և բարոյապես, քննենք այս խնդիրը և տեսանենք, թե կայի՞ն այնպիսի օրենքներ բնական և բարոյական աշխարհներում, որ թույլ տային այսպիսի հեղափոխություն։

Առնունք մի բույս, որ դիցուք թե բուսանում էր Հայաստանում և բերենք տնկենք նորան Ռուսիայի հողի վերա և նկատենք, թե այդ բույսը պահում է՞ր արդյոք յուր բնական որակությունքը, որ ուներ կամ դեռևս պիտո է ստանար մնալով յուր հայրենի հողի վերա։ Այս խնդիրը լուծանելու համար հարկավոր է քննել այն պայմանքը, որոնց ազդեցության տակ պիտո է կերպարանագործվեր այդ բույսը. ի՞նչ պայմաններ են դոքա. հողը, օդը, ջուրը։ Եթե անտարակույս էր Հայաստանի և Ռուսիայի հողերի, օդերի և ջրերի զանազանությունը, կարելի՞ է ուրեմն թույլ տալ, որ մի բույս, այստեղից այնտեղ տարած, կամ, այնտեղից այստեղ բերած անփոփոխ պահեր յուր բուն հատկությունը, մինչդեռ փոփոխվելու էին նորա վերա ազդող և ներգործող արտաքին պատճառքը, մինչդեռ այդ բուսականի գոյությունը, աճելությունը և կերպարանագործությունը կախվում էր հողից, օդից և ջրից։ Մի բուսական կամ մի ծառ, առնունք, զոր օրինակ, փշատը, որ Հայաստանում տալիս է քաղցրահամ պտուղ, այդ ծառը տնկվելով հարավային Ռուսիայում կորուսանում է յուր պտղատու որակությունը, թեև բացում էր հոտավետ ծաղիկներ. դույն այդ ծառը, տնկվելով Մեծ Ռուսիայի մեջ, կորուսանում է և ծաղիկ բանալու որակությունը։ Այս ի՞նչ բան է. ո՞չ ապաքեն այդ ծառը ուներ յուր մեջ պտուղ բերելու ընդունակ գործարանները, ո՞չ ապաքեն ոչինչ բան ավերված ու պակաս չէ նորա ներքին կազմակերպության միջից, ինչո՞ւ