Այս էջը հաստատված է
Թարգմանություն
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՍՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅ ԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ասիայում, մարդկության այդ օրրանումն է սկիզբ առել լուսավորությունը և այնտեղից արդեն անցել է այլ երկրներ։ Հունաստանը խոստովանում է, որ Ասիայից է փոխ առել իր այբուբենը, այնտեղից են անցել մեզ թվական նշանները, այնտեղ է սաղմնավորվել աստղաբաշխությունն ու հողագործությունը, այնտեղ են առաջացել կրոնական և փիլիսոփայական ուսմունքները, շարունակ այնտեղից են դուրս եկել հին աշխարհի իմաստունները։ Արևմուտքն իսկ, դեռևս Պյութագորոսի և Պլատոնի ժամանակներից, նայում է Արևելքին որպես իր դաստիարակի վրա։ Ուստի և, ինչպես XV դարում լատիներեն ու հունարեն լեզուների ուսումնասիրությանն էին նվիրվում, այնպես և հիմա արևելյան ժողովուրդների ու նրանց քաղաքակրթության՝ մեր եվրոպական քաղաքակրթության մոր՝ պատմությունն իմանալու համար ուսումնասիրվում են արևելյան լեզուները այն համոզումով, որ «ժողովրդի հանճարը նրա լեզուն է». նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին և այլն, մի խոսքով — ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հուշարձաններով։ Ահա թե ինչու Եվրոպայի բոլոր լուսավորված ժողովուրդները բաց են անում բազմաթիվ դպրոցներ` արևելյան լեզուներ ուսումնասիրելու համար, հրատարակվում են ամսագրեր, կազմվում ընկերություններ՝ նպատակ ունենալով պարզելու նոր լույսով մարդկության սկիզբն ու նախակենցաղ հասարակության ոգին։

Շամպոլիոն 1-ը, Ռոզելլինին, Յունգը, Վիլկինսոնը, Պեյրոնը հարկադրեցին Եգիպտոսին խոսելու իր խորհրդավոր լեզվով, անգլիացիներից Յոնեսը, Կոլեբրուկը (Colebrooce), Վիլսոնը (Wilson), Ֆրանսիայում՝ Շեզին, Պոտյեն, Գերմանիայում` Բոպպը, Բոլենը, Ֆրանկը, Լասսենը և զույգ Շլեգելները հայտնագործեցին Հնդկաստանը, նրա խորամիտ և վսեմափառ կրոնը, համարձակ փիլիսոփայությունը, նրա բանաստեղծական երևակայությունը, նրա փարթամ ու հրաշագեղ բնությունը։ Սասին մատչելի դարձրեց մեզ արաբական ու պարսկական գրականությունը։