Չէ կարելի լուսավորություն քարոզել և ամենայն ջերմեռանդությամբ խավարի մեջ թարթափել.
Չէ կարելի մաքրություն քարոզել և ապականության ծովի մեջ լողալ:
Չէ կարելի նորի շինությունը սկսանել և անցածի հիվանդանոցից օդնականք առնուլ:
Չէ կարելի ազատություն քարոզել և խղճմտանք բռնաբարել։
Այսպիսի «չէ կարելիներ» հազարավոր կան. խնդրում ենք այս բաների վերա մի փոքր մտածել։
Եթե մեք ստուգապես ցանկանում ենք ազգի հառաջադիմության, ապա ուրեմն պիտի քննենք և քրքրենք ազգի բարոյական տարրերը. նորի շինության պիտանին պիտի առնունք, իսկ փտածները, որ մինչև այժմ ևս արգելք են եղած ազգի ընթացքին, պիտի մերժենք և դատապարտենք։
Օրենքը պատժում է հանցավորը. ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մեք այդ արդարացի հատուցումի մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն։ Ոչ ոք չէ կարող հանցանք գործել առանց ուրիշի իրավունքը հափշտակելու. ոչ ոք չէ կարող հանցանքը պաշտպանել առանց զրկվածի իրավունքը խեղդելու։ Բնական օրենքով, իրավունքների հավասարությունը պահանջում է, մարդկային օրենքի միջնորդությամբ, ընկերական կամ ընտանեկան պայմանների արտոնությունների պաշտպանությունը։ Եվ նա, որ պարծենում է յուր մարդ լինելով, պիտի պաշտպանե իրավադատությունը, որովհետև առանց նորան ինքը այդ մարդը չէ կարող երևիլ և ապրիլ մի ընկերության մեջ։
Այն հանցանքի ցուցակը, որ Մեղուն հրատարակեց, որ վերագրվում են երբեմն կրոնավոր Պողոսին, և որ մի սարսափելի զզվանք պատճառեց մեզ դեպի խայտառակված չարագործի անձը, հերիք է որ բորբոքե նորա վերա արդարադատության փայլակները, ո՛չ միայն ժամանակավոր կերպով քահանայությունը լռեցնելու. ինչպես արել է Կրոնական ժողովը, ոչ միայն քահանայութենից իսպառ զրկելու, որ չէր արել հիշյալ ժողովը, և որի թողածը կատարեց Մեղուն, դոքա բարոյականք են. այլև քաղաքականապես ենթարկելու նորա անձը այն պատիժներին, որ սահմանվում են քրեական ոճրագործությունների փոխարեն։
Այն մարդիկը, որ պաշտպանություն էին ցույց տվել չարագործին, կարծեմ թե բնավ չեն ախորժում, եթե ցեխոտվի յուրյանց հանդերձը