Այս էջը հաստատված է

Մեծ մարք գործեցին եթե,
Ձեզ, աստված է հրամայել։

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կաանոնավոր, սիրուն ոտք։

Տարակույս չկա, որ դպրոցների և համալսարանների մեջ ավանդված գիտությունքը և ուսմունքը շատ մեծ խորհուրդ ունին մի աշակերտի կամ մի ուսանողի համար, բայց դորանից եթե մեծ չլինի, գոնե փոքր չէ մի երեխայի սկզբնական, ընտանեկան դաստիարակությունը յուր ծնողքի ձեռքով։ Շատ անգամ, մի զավակ տան մեջ հոգու վատթար ուղղություն ստանալով, արդեն փոքր կերպարանքով յուր հոգին տրամադրած լինելով դեպի չարը, կրթվելով մի օրինավոր դպրոցում կամ համալսարանում, լուսավորությունը կշինե յուր համար մի չարության գործիք, և կաշխատի նորանով ծնուցանել և կերպարանագործել այն չարությունքը, որ վաղուց հղացած էր յուր սրտի մեջ և անծին թողած, որովհետև հնար չուներ այն ժամանակ յուր գաղափարը իրագործելու։ Առտնին, կամ ծնողական դաստիարակությունը ստանում է երեխան գլխավորապես յուր մոր ձեռքով. ուրեմն նախ և հառաջ հարկավոր է մեծ ուշադրություն դարձուցանել աղջիկ զավակների կրթության և դաստիարակության վերա, բանագետ և առաքինի մայրեր պատրաստելու համար։ Առանց այս հոգաբարձության սո՛ւտ է ամենայն կատարյալ և ընդհանուր լուսավորություն մի ազգի։ Զավակ ասացյալը, յուր մոր ձեռքով պիտո է կրթվի և դաստիարակվի աստուծո երկյուղի մեջ. մայրը, կաթից հետո պիտո է կերակրե յուր զավակը այդ վերին հոգևոր կերակուրներով. դորանից հետո դպրոցական և համալսարանական կրթությունը կարող է հառաջացնել մի այդպիսի տղայի մեջ ցանկալի հետևանքը։

Այս աչքով նայելով այս ծանրակշիռ և մեծախորհուրդ բանի վերա, ո՛րքան ծանր դատապարտության արժանի էին այն ծնողքը, որ յուրյանց ձեռքումը նյութական հնար ունենալով անտես էին առնում յուրյանց զավակների դաստիարակությունը, և կերակրելով, և զգեստավորելով, և վերջապես ամուսնացուցանելով նորանց, համարում էին, թե լիովին ահա կատարած էին յուրյանց ծնողական պարտականությունը։ Այս պարտականությունը մի սուրբ և մեծ պարտականություն է, որ այլապես պիտո էր կատարել. իսկ այնպես կատարել ինչպես հիշեցինք, այդ ծնողական բարբարոսություն ճանաչվում է մեզանում։