Ո՛վ չէ ցանկանում վայելել այս երանությունը․ բայց ով որ կամի, պիտո է արժանի կացուցանե յուր մարդկությունը այս շնորհին, յուր առաքինական գործերով, ուրեմն, պիտո է լուսավորե և հարստացնե յուր բանականությունը, պիտո է ուսանի ճանաչել աստվածը, յուր ընկերը, յուր անձը, յուր ազգը և առհասարակ բոլոր աստուծո գործերը, նա պիտի սիրե սորանց բոլորին, և այս բաները հնարավոր են միայն դաստիարակության միջնորդությամբ։ Ո՛րքան մեծ պարտականություն կա ամենայն ծնողի վերա հոգաբարձու լինել յուր զավակի դաստիարակության համար, որովհետև դորա մեջ պարունակվում էր նորա մարմնավոր և հոգեկան երջանկության ապահով գրավականը, և ո՛րքան մեծ է այս պարտականությունը, ո՛րքան երանելի է մի ծնող լիապես կատարելով այս պարտականությունը, նույն չափով և նույն կշռով թշվառ է մի ծնող և ամենայն դատապարտության արժանի, եթե զանցառու էր այդ սուրբ պարտականության մասին։
Եվ ամենայն ծնող, որ հնար ուներ դաստիարակելու և լուսավորելու յուր զավակը և չէր գործ դնում այդ հնարը կամ անհոգ լինելով յուր զավակի բարոյական կրթության մասին, յուր արծաթը վատնում էր աշխարհային ունայն և անցավոր վայելչութենների համար, և եթե մի այդպիսի զավակ յուր հոր անհոգութենից անկիրթ ու խավար մնալով ապագայումը դառնար մի վատթար մարդ, աստուծո և մարդկության ատելի, այդպիսի մի զավակի մեղքի համար նորա թշվառ ծնողը պիտո է պատասխան տա աստուծո ահեղ դատաստանի առաջև։
Հայազգի՛ ծնողներ, զգուշացեք այս ծանր պատասխանատվութենից․ հերի՛ք է, եթե մեզանից յուրաքանչյուր ոք յուր համար միայն կարողանա պատասխան տալ աստուծո արդար դատաստանի առաջև. հարկավոր չէ յուր վերա առնուլ և զավակների պատասխանատվությունը։
Այս միջոցներում ստացած նամակներիցս, հետևյալ նամակը կարող եմ մեջ բերել Հիշատակարանիս մեջ։
Պարոն Կոմս էմմանուել,
Վերջին նամակովս, որի հետ ուղարկել էի իմ քանի մի նկատողությունքը պ. Իսահակյանցի գրվածքի վերա «Հրավիրակ հայրենասիրության», խոստացել էի գրել և հասուցանել ձեզ այն տպավորությունը, որ գործել էր իմ վերա պ․ Հովհաննիսյանի «Նոր Քնար Հայաստանի» անունով