Այս էջը սրբագրված է

անկանգնելի կործանում է ամենայն անհատական նախադասություն, այս բոլորը, ասում ենք, մարդը դեռ չէ կարողացել մարսել և փոխանակ հասարակաց հավասարության մեջ, լոկ յուր անհատական առաքինությամբ նշանավոր դառնալու, ամենայն օր մեղանչում է այս սրբազան օրենքի ընդդեմ և կամենում է արժանավոր կացուցանել յուր անձը բռնաբարելով և ուրանալով ուրիշի, յուր հավասար, ազատ իրավունքը։

Եվ մինչև ո՞ր աստիճան, մինչև ո՞ւր. մինչև ամոթ համարել յուրյան ձեռք պարզել մի ուրիշին, մինչև զոհ համարել խոսակից և հանդիսակից լինել մի ուրիշին․․.։

Այո՛, մի կողմից տրտմելով այս բոլորի վերա, մյուս կողմից չենք կարող սանձ դնել մեր ուրախության, տեսանելով հայկական դերասանք և ոչ միայն այսչափ, փա՛ռք և պարծանք երիտասարդության հառաջադեմ քայլափոխին, և դերասանուհիք:

Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատրոնաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ, և հաղթելով նորանց հրապարակ իջան։ Կեցցե՜ն։

Մինչև այժմ ներկայացուցված թատրերգությանց մեջ բավական հաջողեցան նոքա. ո՜չ միայն գովում ենք, այլ և աղոթում ենք նոցա վերա, մոռանալով մի քանի թերությունք, որ գրեթե անհրաժեշտ են ամեն մարդու մի նոր պաշտոն կատարելու ժամանակ։

Հույս ունինք, որ նոքա հասարակության կողմից պատահելով մի վարդավառ ընդունելության, ո՛չ միայն ամենայն ջանք և աշխատություն գործ դնեն յուրյանց կատարելագործության համար (մանավանդ շարժողությանց մեջ), այլև յուրյանց խիստ բարոյականությամբ, որ սեփական է բոլոր հայասեռ կանանց և օրիորդների, պատվեն յուրյանց կոչումը և այնպես մի կողմից բարի օրինակ հանդիսանալով յուրյանց հաջորդներին, մյուս կողմից յուրյանց անձը իբրև վկայություն դնելով հասարակության առաջև, ապացուցանելու համար, թե թատրոնաբեմը չէ՛, որ կողոպտում է բարոյականը, եթե մարդը բարոյական էր հառաջուց։

Հույս ունինք և կը ցանկանք նույնպես, որ հասարակության քաջալերական ընդունելությունքը չգլորեն նորանց հպարտության վիհը, ուր գահավեժ անհետացել են շատ եվրոպական դերասանուհիք։

Հպարտութենից ավելի մեծ թշնամի չունի դերասանուհին, որպես