Այս էջը հաստատված է

առանց ծոցից արծաթ դուրս տալու յուր պարտքերը հատուցանելու մասին։

«Մի պարոն,— գրում էր նա,— որ պարտական էր մնացած մի կառավարության մի արծաթի մեծ գումար, շատ տարիներով կամակորվում էր և չէր կամենում հատուցանել այդ գումարը, արդյոք ա՞յն պատճառով, որ այդ պարտքը հատուցանելով խանգարելու էր յուր վաճառականության ընթացքը, թե ագահությունը ստիպում էր նորան ձեռքից չհանել այդ գանձը, չգիտեմ․ միայն երբ վերջապես օրինավոր դատաստան բանալով սկսեցին պահանջել այդ գումարը և նա դարձյալ կամակորվեցավ, այն ժամանակ պահանջողքը իրավաբանական կարգով արգելք դրեցին նորա անշարժ կայքերի վերա, որ բավական մեծ գումար արժեին։

Այդ պարոնը, մի քանի ժամանակ անցանելուց հետո, բողոքում է, թե անօրինաբար վարվել են յուրյան հետ, և թե նա, յուր պարտապահանջների ապօրինի ընթացքի պատճառով հասել է մեծ վնասի, որ դուրս էր բերում հետևյալ կերպով։ Նա գրում է յուր բողոքի մեջ, թե յուր կայքը այսքան արժելով, կարո՛ղ էր գրավ դնել և ստանալ այսքան արծաթ, որ գործ դնելով վաճառականության մեջ պիտի անպատճառ շահվեր այսքան գումար-ավելի շատ, քան թե ինքը յուր իմաստուն հաշվումը ցույց էր տալիս յուրյան պարտական-բայց որովհետև արգելք են դրել կայքի վերա, վասնորո չէ կարողացել գրավ դնել, չէ կարողացել արծաթ առնուլ ուրեմն և այն մեծ շահը շահվիլ։

Այժմ դատաստան է բացել յուր պարտապահանջների հետ և պահանջում է նոցանից յուր չկրած, մտացածին վնասը, նա կամի այդ գումարով հատուցանել յուր պարտքը և մնացորդը գործ դնել շամպայն դնելու համար, որովհետև շատ է սիրում նա այդ գինին։

Տե՜ս թե ո՞րտեղ է հասել աշխարհիս բանը, պարտականը ոչ թե միայն չկամի հատուցանել յուր պարտքը-ոչ, հերիք չէ այդ-այլև մի մեծ գումար ևս կամի ստանալ յուր պարտապահանջներից, որպես տուգանք։ Եվ պատմում են, թե այդ մարդը ունի մի քանի ցախավելով հավաքած կողմնակից մարդիկ, որ արդարացնում էին նորա ո՛չ թե միայն այդ ընթացքը, այլև բոլոր անօրենությունքը, որ գործած էր յուր կյանքում»։

Եթե այս տեսությունը կապակից չլիներ խաբեբայության և անբարոյականության հետ-պարտք հատուցանել առանց յուր ծոցից արծաթ դուրս տալու-շատ լավ բան էր, բայց որովհետև դա հիմնված է ստության և խարդախության վերա, այդ պատճառով պիտո է միշտ մնա գող և ավազակ մարդերի սեփական։