Այս էջը հաստատված է

ուղղությունը։ «Ամենուր և ամեն ինչում՝ լինել ազատության կողմը, բռնության դեմ. բանականության կողմը՝ նախապաշարումների դեմ, գիտության կողմը՝ մոլեռանդության դեմ, զարգացող ազգությունների կողմը՝ հետամնաց կառավարությունների դեմ» («Կոլոկոլ», 1857, №1,1 հուլիսի, էջ 1)։

Ռուս առաջավոր գրականության և ռուս լուսավորիչների համար առաջին հարցը, որ դրվում էր ամբողջ սրությամբ՝ ճորտատիրական սիստեմի դեմ պայքարի հարցն էր, մի խնդիր, որը առաջին տեղն է գրավում նաև «Կոլոկոլի» գործնական ծրագրում։ Հայ լուսավորական շարժման հիմքում ընկած էին ազգային շահախնդրությունները, դարավոր բռնություններից և եկեղեցական սխոլաստիկ քարոզներից ընդարմացած ազգությանը ինքնաճանաչության հասցնելու և ազգային կյանքի զարգացումը հրահրելու նպատակը։

«Հյուսիսափայլի» առաջին համարը բացվում է Ստեփանոս Նազարյանի «Հայկական լեզվի խորհուրդը» ծրագրային հոդվածով։ Այն, ինչ կատարել էր Խաչատուր Աբովյանը մեկևկես տասնամյակ դրանից առաջ, այժմ գիտական հիմնավորումով հայ ընթերցողին էր ներկայացնում նրա բարեկամը՝ Նազարյանը։ Աշխարհաբարի քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը նվիրված հրապարակախոսական այդ հոդվածում, որը, միաժամանակ, ծանրակշիռ գիտական հետազոտություն էր, Նազարյանը համարձակորեն կարդում էր իր դարն ապրած գրաբարի դատավճիռը, չխնայելով ոչ մի հեղինակություն։ Սակայն միայն հեղինակությունները չէին ընկնում Նազարյանի քննադատության կրակի տակ։ Հոդվածում հիմնավորապես հերքվում էին հայ հասարակության մեջ վաղուց արդեն արմատացած «տեսությունները»՝ հայ ժողովրդի և հայոց լեզվի հնության, ազնվության, գրաբարի գործածության հավերժական ժամկետների մասին։ Այս ոգով էր գրված և նույն համարում տպագրված Մ. Նալբանդյանի գրախոսությունը՝ Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի մասին։

«Հյուսիսափայլի» առաջին իսկ համարը հանդիպում է կղերաֆեոդալական հոսանքին պատկանող հայ պարբերականների դիմադրությանը։ Ճիշտ է, Նազարյանի աոաջին աշխատություններն արդեն հրապարակի վրա էին, որոնց դեմ մանկավարժ Առաքել Արարատյանը հասցրել էր երկու գրքույկ հրատարակել, բայց ամսագրի խոսքն այլ կշիռ ուներ։ Հայ հետադիմական գործիչները հասկանում էին, որ «Հյուսիսափայլի» հրապարակախոսության շառավիղները շատ ավելի լայն էին, իսկ ներգործուն ուժը՝ անառարկելիորեն մեծ։ Ուստի և նրանք խնամքով նախապատրաստված մի արշավանք են կազմակերպում նոր ամսագրի դեմ։ «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր Ստեփանոս Մանդինյանն իր վրա է առնում հայ հասարակության իրավունքների և, այսպես կոչված, ազգային սրբությունների պաշտպանության միսիան ու մի անվերջանալի և տաղտուկ բանավեճ սկսում «Հյուսիսափայլի» դեմ։ Շուտով նրան է միանում նաև «Ճռաքաղ» հանդեսը, ավելի ուշ՝ «Մասյաց աղավնին»։

Այդ բանավեճը, սակայն չէր հատկանշվում հավասար ուժերի միջև տարվող պայքարի նորմերով։ Մանդինյանի, նրա թղթակիցների և «Ճռաքաղի» գործիչների հոդվածները զուրկ էին գիտական հիմքից և տրամաբանության տարրական սկզբունքներից։ Այդ՝ միմյանց դեմ հանդիման բարձրացած երկու հակադիր աշխարհայացքների բախումն էր։ Ֆեոդալական մոլեռանդության կրող թևը հանդես էր գալիս կրոնական դոգմաների և աստվածաշնչյան առասպելների վրա հիմնված հարցադրումներով, դրանցից բխող հետևություններով ու մեղադրանքներով։

Հայ լուսավորիչներն անվարան շարունակում են իրենց հռչակած ծրագրի մասսայականացումը, առանց որի իրականացման, անհնար պիտի դառնար ժողովրդի մտավոր վերածնության