և հառաջացնում էին մարդու մեջ մի այնպիսի անախորժ զգացողություն, որ ասեիր թե ահա ամենայն ինչ վերջացած էր նորա և աշխարհի մեջ, թե մի սատակիչ շանթ կարող էր իսկույն չքացնել նորան, և այնուհետև զուր էր ծագելու գեղեցիկ և խաղաղ առավոտը նորա լուռ ու մունջ գերեզմանի վերա։
Այս անախորժ վիճակի մեջ անցուցել էի ահա երեք օր և երեք կիսով չափ անքուն գիշերներ, և այդ միջոցին, երբ սկսում եմ իմ պատմութունը, գտանվում էի պատուհանիս մոտ, մի տաղտկալի միայնության մեջ, որ շարունակվում էր երրորդ օրից սկսած։ Հանկարծ ի՛նչ տեսանեմ. մի մարդ, փաթաթված յուր վերարկուի մեջ, այս սաստիկ անձրևի տակով վազում է դեպի իմ տան կողմը։ Ես ամենևին չկարծեցի թե իմ մոտ է գալիս, որովհետև ոչ ոքի չէի սպասում, և իմ ծանոթքը այնքան խելք ունեին, որ այսպիսի եղանակում ոտք դուրս չէին դնելու շեմքից։ Մտածեցի թե այդ մարդը գալիս է իմ դրացու տուն, կամ գուցե ինքը դրացիս է, որ վերադառնում էր դեպի տուն, մի շատ հարկավոր ընտանեկան գործի համար դուրս գնացած լինելով։ Օրի մռայլոտ մթությունը, այդ մարդու թրջված հալավները, որոնց վերայից ամենայն գույն կորել էր, անհնարին էին կացուցանում ստուգապես ճանաչել այդ մարդը։ Վերջապես լսում եմ, դուռիս զանգակը զարկեցին... Ծառաս գնաց դեպի դուռը և մի քանի վայրկյան ուշացավ։ Լսում եմ մի խոսակցության անորոշ ձայն, բայց բան չեմ հասկանում․ վերջապես ներս մտավ ծառաս և հայտնեց, թե մի մարդ կամենում էր տեսանել ինձ, հավելացնելով, թե որովհետև առաջին անգամ տեսանում էր այդ մարդը, վասնորո և չէր կարողացել ճանաչել նորան: Իսկույն հասկացա, որ հյուրը մի քաղաքավարի մարդ պիտո է լինի, որովհետև առանց յուր անունը և ո՛վ լինելը ծառայիս հայտնելու, հրամայել էր նորան հայտնել ինձ յուր ցանկությունը։ Ինչ և իցե, հրամայեցի ծառայիս ընդունել նորան. նախասենյակի և առանձնարանիս դուռերը բացվեցան և փակվեցան և ներս մտավ պ. Բեգզադեն թրջված միանգամայն մինչև ոսկրը։ Ջուրը թափվում էր զգեստներից աղբյուրի նման, նա հանեց բոլորովին ջուր կտրած գլխարկը և ամենայն քաղաքավարությամբ սկսեց թոթափել նորան առանձնարանիս մեջ. ես նայում եմ նորա վերա, նա երկար ժամանակ չէր եկած իմ մոտ և այդ էր պատճառը, որ ծառաս չէր ճանաչում, որովհետև նոր էի բռնել սորան։ Ողջույն ևս չտված դրեց նա թաց գլխարկը աթոռի վերա, հանեց վերարկուն, որից ամենայն առատությամբ թափվում էր ջուրը, նույնպես թոթափեց և գուցե կձգեր ևս