Այս էջը սրբագրված է

Էմմանուելը չէր կարող ապրիլի 20-ին Մոսկվայում կարդալ՝ Թիֆլիսում ապրիլի 19-ին տպագրված «Մեղուի» 16-րդ համարը (տես՛ Կոմսի զրույցի սկիզբը՝ պարոն Խ.-ի հետ, սույն հատորում, էջ 7)։


Ղազար Մարգարյանը քննության էր առնում Նազարյանի աշխատությունները և քննադատում նրա լեզվաշինական տեսությունը, աշխարհարարից հեռանալու և լեզվական իբր ինքնանար ձևեր ստեղծելու մեթոդը. «Առաջին հոգեղեն կերակուր» գրքի մասին արվում է այն դիտողությունը , որ հեղինակը մատչելի բնագրերի փոխարեն խառնիխուռն պատմություններ էր հրամցնում երեխաներին։


Անկանխակալության շղարշով էր պարուրված Թովմաս Դավթյանի հոդվածը՝ ուղարկված Օդեսայից։ Ձևականորեն Դավթյանը բարձրացնում էր աշխարհաբար լեզվի, ավելի ճիշտ՝ հայ բարբառների ուսումնասիրության անհրաժեշտության հարցը։ Իրականում այդ հոդվածը նույնպես կառուցված էր բանավիճային հենքի վրա։ Վիճարկելով Նազարյանի այն միտքը, թե հայ բարբառներից ավելի շատ խանգարված են Ագուլիսի և Թիֆլիսի բարբառները, հոդվածագիրը պնդում է հակառակը և ընդգծում Թիֆլիսի բարբառի արժանիքները։ Դարձյալ ակնարկելով Նազարյանին, որին մեղադրում էր աշխարհաբար լեզվի մեջ ինքնահնար ձևեր և գրաբարյան տարրեր մտցնելու համար, Դավթյանը գրում է. «Լեզվի խանգարիչը պատմության նյութերու և աղբյուրներու խանգարիչ է» (էջ 384)։ 

Սակայն եթե Մարգարյանը և Դավթյանը փորձում էին ռուսաց լեզվի զարգացման օրինաչափությունների հետևությամբ ինչ֊որ բանական տեսակետներ ձևակերպել, այդ նույնը չի կարելի ասել «Մեղու Հայաստանիի» թղթակից Զարմայր Մսերյանի մասին։ Վերջինս գոհունակություն հայտնելով Ս.Մանդինյանի ելույթի առիթով, իր հերթին «Հյուսիսափայլի» աոաջին համարից դուրս է բերում մի շարք մտքեր և ասույթներ, «որոնք ազգի և ազգայնոց նախատինք են վերաբերում, կամ թե անիրավ մեղադրանքներ են և կամ արտաքո ճշմարտության կարծիքներ»։ Դրանով նա ցանկանում էր օգնել «համազգի հարազատաց և նախազգուշացնել «Հյուսիսափայլի» խմբագրին՝ հետագա նման քայլերից։ Մուտքի այս խոսքին հաջորդում է Զ․ Մսերյանի կողմից «Հյուսիսափայլից» քաղվածաբար հանված 14 հատվածների շարադրանքը և դրանց պատասխանները՝ դրված Մանդինյան քահանայի մտածողության մակարդակով։ Այսպես, նա բողոքում է այն բանից, որ «Հյուսիսափայլի» խմբագրությունը վիրավորական արտահայտություններով է խոսում հայ գիտնականների մասին, հոգևորականությանն անպատվում է' աբեղա անունը դարձնելով անմիտ բառի հոմանիշ։ Նազարյանը մերժում է հայոց լեզվի «առաջնության իրավունքն» աշխարհի լեզուների մեջ, նսեմացնում գրաբարի դերը նոր ժամանակներում, Նալբանդյանի երգիծական գրվածքներով «անպատվում» ազգի մեծերին, և այլն, և այլն։

1858 թ․ «Հյուսիսափայլի» № ll-ում տպագրվում է Նալբանդանի նամակը հրատարակողին՝ Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների հարցի մասին։ Որ այս հոդվածի գրության ուղղակի առիթը կապված էր Գ. Այվազովսկու առաջնորդական գործունեության և Խալիբյան դպրոցի հիմնադրման հետ, այդ վեր է կասկածից։ Սակայն, հետաքրքրական է, տվյալ հարցի հետ «Մեղու Հայաստանի» թերթի ունեցած առնչությունների պատմությունը։ Իր թերթի №28-ում Ս. Մանդինյանը հրապարակում է Այվազովսկու՝ հունիսի 27-ի թվակիր նամակը, որով նա ավետում էր «Մեղուի» խմբագրին, թե Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների առիթով ծայր առած գժտությունները դադարել են, և որ ...«եղեվ հաշտություն և խաղաղություն մեծ» (էջ 220)։ Այվազովսկին այնուհետև պատմում էր «բազմավաստակ և հեռատես» Խալիբյանի «վեհանձն առատաձեռնությամբ և չքնաղ ազգասիրությամբ» տված նվիրատվության և Խալիբյան դպրոցի կառուցման մասին։