Թերթի № 39-ում Մանդինյանը հրապարակում է Խալիբյան դպրոցի հաստատման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը և դպրոցի ընդունելության կանոնները։ Միաժամանակ, մուտքի խոսքում, Մանդինյանը խրախուսում է Այվազովսկու նախաձեռնած գործը, նրա համար երաշխավորում համայն ազգի օժանդակությունը («Ազգը չի թողուլ Ձեզ առանց օգնելու․ հաստատո՛ւն կացեք Ձեր գործին, մեծ հույս ունեցե՛ք ոչ միայն մեր մեծատուններից և հարուստներից, այլև աղքատներից...», էջ 308)։
Նալբանդյանն իր հոդվածում պարզություն է մտցնում այս խնդրի մեջ և հայ ընթերցողներին պատմում ճշմարտությունը և՛ գումարների, և՛ «չքնաղ ազգասիրությամբ» արված նվիրատվության մասին։
1859 թ. սկզբին Մանդինյանը «Մեղու Հայաստանի» թերթի № 10-ում տպագրում է Ստեփանոս Պալասանյանի հոդվածը Նալբանդյանի դեմ («Հյուսիսափայլ» օրագրին նամակներեն մեկը»)։ Հոդվածագիրն աշխատում էր նորաբաց Խալիբյան դպրոցում, և նրա բուռն կիրքը, հայտնի է, թե ինչ ակունքից կարող էր սնունդ առնել։ Իհարկե, շատ ավելի բնական կլիներ, եթե Պալասանյանի հոդվածը տպագրվեր «Մասյաց աղավնու» էջերում, բայց Փարիզից փոխադրվելու կապակցությամբ ամսագրի հրատարակությունը սկզբում 6 ամսով, ապա մեկ տարով ընդհատվում է։ Շատ խորհրդանշական է, որ Այվազովսկոլ համար այդ տագնապների օրերին Մանդինյանը ձեռք է մեկնում նրան և հրապարակում Պալասանյանի հոդվածը, որի տպագրությունը և դրան առնչվող Այվազովսկու գործողությունները մեծամեծ անախորժություններ են բերում «Հյուսիսափայլի» խմբագրությանը։ (Այս մասին տե՛ս սույն հրատարակության 2-րդ հատորի ծանոթագրություններում՝ էջ 426-427)։
Այս թվականին մեկ անգամ ևս երևում է Մովսես Իսահակյանը, բայց ոչ հրապարակախոսական հոդվածով։ Նա ընտրել էր պարսավագրի ավելի ապահով պաշտոնը։ «Րոպեական երազ» պատկերով Իսահակյանը ներկայացնում է Նազարյան-գործչին, խմբագրին, ծնողին... Ծաղրում է խոսելու նրա ոճը, կեղծ համարում հայրենասիրությունը, մեղադրում է նյութապաշտության մեջ և այլն։ Իսահակյանն այս պատկերին կցում է նաև չափածո՝ «Գորտ և աղվես» առակը, որի հիմքում ընկած էր այն միտքը, թե բազմաթիվ հիվանդություններով տառապող մեկը հանդգնել է ստանձնել «Արամյան ազգի» բժշկի պաշտոնը (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1859, № 46)։
1859 թ. տպագրվում է Մանդինյանի «Քանի մի խոսք հայոց վարդապետաց աշխատանքի վերա» ծավալուն հոդվածը, որով նա անուղղակիորեն պատասխանում էր «Հյուսիսափայլի» հրատարակիչներին, ճգնելով բարձրացնել հայ հոգևորականության հեղինակությունը (№ 21-27)։
«Մեղու Հայաստանին» իր բանավեճը շարունակում է նաև հետագայում. 1860 թ․ տպագրվում է «Պարոն Նազարյանցի աշխարհաբառ լեզվի վրա» անստորագիր հոդվածը (№ 5, 6), որով շարունակվում էր երկու տարի առաջ սկսված բանավեճը։ Հեղինակը, ռուսական բանասիրական գրականության լավատեղյակությամբ, վիճարկում էր Նազարյանի որոշ սկզբունքները և հանդես գալիս անաղարտ աշխարհաբարի պաշտպանությամբ։ Նա պահանջում էր գիտականորեն ուսումնասիրել հայ բարբառները, առանց սակայն դրանց օրինաչափությունները խաոնելու գրաբար լեզվի օրենքների հետ։
1860 թվականի բանավիճային հոդվածների ամենածավալուն բաժինը պատկանում էր Հովսեփ Չերքեզյանի գրչին։ Ի դեպ, Չերքեզյանը մինչ այդ մեծ եռանդով աշխատակցում էր «ճռաքաղին», այժմ նվաճում է «Մեղու Հայաստանի» թերթի հրապարակը, որպեսզի 1861-ին հիմնավորապես հաստատվի Այվազովսկու ամսագրում: Պատշաճը հատուցելով Մանդինյանին՝ Ատ. Նազարյանի դեմ տպագրած նրա հոդվածների համար, Չերքեզյանը