Այս էջը հաստատված է

առարկաներ ավելացնում։ պ. Խ.-ն ցանկանում էր ասել, որ իրենց հաջողվում է վարժ ձեռնածության ճանապարհով տերության ներսում գործած ապրանքների վրա դնել տալ մաքսատան կնիքը և այդ կեղծիքի միջոցով հաստատել ապրանքների արտասահմանյան ծագումը։

Էջ 13, տ. 5-6. ...«Ըստ խոզի հարսնացելոյ կոյաջուր բաղանիք» - Տե՛ս Ղազար Փարպեցու «Թուղթը» (Մոսկվա, 1853, էջ 49)։

տ. 14. ...պատահեցա ես մի հազվագյուտ քաղաքավարի մարդու - «Քաղաքավարի մարդու» հետ պատահած անցքը, ըստ Երվանդ Շահազիզի տվյալների, տեղի է ունեցել Մսեր Մսերյանի հետ։ Նրան հյուր գնացողներն են եղել Մ. նալբանդյանը և Մովսես քահանա Ալամխանյանը։ Զարմայր Մսերյանը իր վերը հիշված հոդվածի անտիպ հատվածում հիշատակում է և այս դեպքը, որը արտացոլվել էր «Հիշատակարանում» և որը, ինչպես երևում է, իսկապես, իրական հիմք ուներ։

Էջ 15, տ. 9. ...որով վճռվեցան «Կովկասը» - «Կովկաս» (1846-1847), քաղաքական և բանասիրական շաբաթաթերթ, հրատարակվում էր Կովկասի փոխարքայության պաշտոնական «Кавказ» լրագրին զուգահեռ, Հակոբ Արզանյանի և Հակոբ Կարենյանի փաստական խմբագրությամբ։ Պաշտոնական պատասխանատուն «Кавказ»-ի խմբագիր Իոսիֆ Կոստանդինովն էր։ 1846-ի սեպտեմբերից խմբագրության անդամ է դառնում և Գաբրիել Պատկանյանը։

«Կովկասում» տպագրված նյութերը գերազանցապես թարգմանություններ էին «Кавказ» լրագրից, լեզուն գրաբարն էր։ Շաբաթաթերթին աշխատակցում էին Թիֆլիսի մտավորականները, հոգևորականներ, զինվորականներ, Ներսիսյան դպրոցի և Լազարյան ճեմարանի աշակերտներ։ Այստեղ տպագրվել են և Խ. Աբովյանի պանսիոնի սաների թարգմանությունները։

«Կովկասը» լայն տարածում չգտավ ընթերցողների շրջանում, թերթը առաջին տարին ուներ 138 բաժանորդ, երկրորդ տարին՝ 192։

տ. 9. ...որով վճռվեցան... «Արարատը» - «Արարատ» (1850-1851) լրագիր քաղաքական, առևտրական և բանասիրական։ Խմբագիրն էր Գաբրիել քահանա Պատկանյանը։ «Կովկասի» անհաջողությունը բացատրելով դրա գրաբար լեզվով, Պատկանյանն իր շաբաթաթերթը հրատարակում է աշխարհաբար։ Այն նախատեսված էր ընթերցողների լայն շրջանակի, «բազմաթիվ չուսելոց համար», ուստի և համարները կազմվում էին ընթերցանության ժողովածուի ձևով։ «Արարատի» էջերում տպագրվել են գեղարվեստական արձակի նմուշներ, բանաստեղծություններ, երգիծական մանրապատումներ, որոնք աչքի էին ընկնում բարոյախրատական ուղղվածությամբ։ Այստեղ են տպագրվել նաև Միքայել Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի առաջին բանաստեղծությունները։

«Արարատում» տեղ են գտել բանասիրական, մանկավարժական, բնագիտական հոդվածներ, առևտրական ծանուցումներ, ներքին և արտաքին լուրեր և այլն։ Պատկանյանն իր թերթով ձգտում էր նպաստել հայ ազգի ինքնաճանաչության արթնացման գործին, ազգի առաջընթացի և լուսավորության երաշխիքը տեսնելով ռուս մեծ ժողովրդի հետ նրա ունեցած կապի մեջ։ Հրատարակվել է շաբաթաթերթի 33 համար։

Էջ 16, տ. 1-2. ...«Նոր քնար Հայաստանի» անունով տետրակի չորրորդ համարը - «Նոր քնար Հայաստանի» ընդհանուր խորագրով Ոսկան Տեր-Հովհաննիսյանի հրատարակությամբ լույս են տեսել.

ա) Զանազան երգք, հանգուցեալ Ադամայ Երևանեցւոյ, Ազբար Մականուանելոյ, ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երևանեցի, Մոսկվա, 1855։