ամենուրեք լուր է տվել, որ այդ հոդվածը ինձ է վերաբերում» (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. 1, 1945, կոմենտարներ և ծանոթագրություններ, էջ 531)։
Էջ 44, տ. 33. ...հորեղբայրս ներս մտավ—Հորեղբայր անվան տակ այստեղ, ինչպես և հետագա էջերում, Նալբանդյանը, հավանորեն, նկատի ունի Ստեփանոս Նազարյանին։
էջ 45, տ. 34. ...մի ստույգ տեղեկություն հասուցանեին մեզ այս իրողության մասին—Այս ավանդությունը հիմնավորող որևէ փաստ հայտնի չէ։ ճիշտ չի կարող լինել և սպանության հիմնական մոտիվը, այն է՝ իր անունով հրովարտակ ստանալը։ Պետրոս Մարկոսյանը մեռնում է 1779 թ. հունվարին, այնինչ նրա անունով տրված կայսրուհու հրովարտակն ստացվում է նույն թվականի նոյեմբերին։
Էջ 46, տ. 4 — 5. Ահա՛ այդ հրովարտակի... հարազատ թարգմանությունը — Տե՛ս Собрание актов, относящихся к обозрению, истории армянского народа, часть 1, Москва, 1833. Նալբանդյանի անձնական գրադարանում պահպանվել են այդ հրատարակության երեք պրակները, որոնցից առաջինը՝ հեղինակի նշումներով, մի բան, որ հիմք է տալիս ենթադրելու, թե հենց այգ օրինակն էլ ձեռքի տակ է ունեցել։ 177 էջում, Եկատերինա II-ի հրովարտակի վրա Նալբանդյանի գրչով գրված է «№ 1», իսկ վերջում՝ «տե՛ս երես 196». այդ էջում Պավելի հրովարտակի վրա՝ «№ 2», իսկ վերջում'՝«տե՛ս երես 248». այդ էջում, Ալեքսանդրի հրովարտակի վրա՝ «№ 3»։ Նալբանդյանի օգտագործած էջերը իրենց վրա կրում են աշխատանքի հետքեր. ունեն ուղղումներ և այլն։
Էջ 58, տ. 9—10. ...հեռացվեցավ այդ պաշտոնից, որպես զգուշալի մարդ—Ակնարկում է իր երբեմնի ուսուցիչ, կաթոլիկ Մկրտիչ Եգենյանին, որին Գաբրիել Պատկանյանի փոխարեն նոր Նախիջևանում վարժապետ էր կարգել Ներսես Աշտարակեցին։ Եգենյանի դպրոցի հետ կապված միջադեպով էլ սկսվում է Նալբանդյանի հասարակական գործունեությունը։
Էջ 59, տ. 36—37. Այս բանի մանրամասն նկարագրությանը... «Մինին խոսք, մյուսին հարսն» աշխատության մեջ — «Մինին խոսք, մյուսին հարսն»՝ Մ. Նալբանդյանի անդրանիկ վեպը, որը տպագրվել է 1858 թվականին, բայց հեղինակի կամքով հրապարակ չի հանվել։ Երկար ժամանակ բանասերների որոնումները, գտնելու վեպը, չհասցրին որևէ արդյունքի։ Միայն 1969 թ. «Մինին խոսք, մյուսին հարսն» վեպի պահպանված եզակի օրինակը գտնվեց Եգիպտոսում (Գահիրե) և բերվեց Հայաստան, որտեղ այն տպագրվեց 1971 թ.։ (Վեպի մասին ավելի հանգամանորեն տե՛ս սույն հրատարակության I հատորի ծանոթագրություններում, էջ 447—450)։
Էջ 63, տ. 24. թե ո՞րքան ժամանակ հարատևել է այդ դպրոցը, չկա այդ մասին մի գրավոր հիշատակարան—Սուրբ Խաչի վանքին կից դպրոցի շինարարությունը Հովսեփ Արղությանն սկսում է 1783 թ. և ավարտում 1780-ական թվականների վերջերին։ Դպրոցն սկզբնական շրջանում ուներ 40 աշակերտ։ Շուտով Արղությանըէ ևս 30 երեխաների, որոնք որբացել էին ռուս-թուրքական պատերազմի օրերին, ուղարկում է Սուրբ խաչի վարժարան, այնտեղ ապրելու և սովորելու։ Այդ դպրոցը Գ. Պատկանյանի արտահայտությամբ առաջին գիշերօթիկ հայկական դպրոցն էր։ Այն ղեկավարում էր եռանդուն և հմուտ մի գործիչ՝ Թադէոս վարդապետը (տե՛ս Վ. Բարխուդարյան, Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն, 1967, էջ 405)։
Հովսեփ Արղությանի Ռուսաստանից մեկնելուց հետո, 1800 թ., երբ վախճանվում է նաև Թադէոս վարդապետը, Սուրբ խաչի դպրոցը փակվում է։ Հետագայում, սակայն, հաջորդ վանահայրերի օրոք մերթ բացվելով, մերթ փակվելով հարատևում է մինչև