Այս էջը սրբագրված է

առումով։ Այդ բաժնում նա նկարագրում է գրքի գտած ընդունելությունը Կ. Պոլսում և Հայաստանի գավառներում, ընդ որում հեղինակը գավառներից նամակներ է ստանում Ամասիայի իր թղթակից Մանտալյանի միջոցով։ Գրքում ներկայացված են Եվդոկիայի, Սեբաստիայի, Երզնկայի, Ակնի, Մուշի, Վանի և այլ վայրերի ու Կ. Պոլսի զանազան խավերի նամակագիրների թղթակցությունները, որոնք ստորագրված էին ծածկանուններով (Արութ Ծուռբերանենց, Մարկոս Անուշլեզվյան, Մկրտիչ Թացվարտիկյան, Խլանկաճենց և ուրիշներ)։

Մանտալյանի ուղարկած նամակներում խոսվում էր այն աղմուկի և իրարանցման մասին, որ տիրում էր գավառներում և մայրաքաղաքում։ Մարդիկ իբր հափշտակված էին «Ընծայի» հրաշագործ ուժով, նրանք փափագում էին ձեռք բերել այդ գիրքը և այդ նպատակին հասնելու համար չէին խուսափում անգամ տուրուդմփոցից։

Սակայն այս ամենը հեղինակը տեսնում է երազում։ Գրքի երկրորդ և ամենաուժեղ հատվածում Թ. Կըկռիկյանը հրապարակային բանավեճ է բացում «Ընծայի» հեղինակի դեմ և մերկացնում այն հակազգային պրոպագանդի էությունը, որը նա խորամանկորեն հրամցնում էր հայ ընթերցողին և այն՝ ձրի։ Այս բաժինն է հենց, որ ամբողջությամբ մեջ է բերում Նալբանդյանը՝ Կոմս էմմանուելի «Հիշատակարանում» (տե՛ս սույն հատորում,էջ 157—163)։

Գր. Կարապետյանը «Ընդունելություն Ընծայի» գործի հեղինակի դեմ շտապում է մի առանձին թերթիկով հրապարակել կոպիտ ոճով գրված իր պատասխանը (տե՛ս «Թ. Կըկռիկեան եւ իր Մանտալ, Ծուռբերան, Թացվարտփկ, Անօրենք և այլն թղթակիցներուն պատասխանի», Փարիզ, 1857)։

«Ընծայի» և «Ընդունելություն Ընծայի» գրքերի մասին արտահայտվում է և ժամանակի մամուլը։ Այսպես, «Մասիսի» խմբագրությունը 1856 թ. ծանուցում է «Ընծայի» տպագրության լուրը, միաժամանակ զետեղելով «Ընդունելություն Ընծայի» գրքի առաջաբանը (№ 254)։ Խմբագրությունն իր կողմից «Ընծան» անվանում է խառնախոսարան, «խենթ ու խելառ խոսքերու և մտածություններու ժողովածու»։

Թոռնակ Կըկռիկյանի գրքի տպագրությունից անմիջապես հետո Հ. Սվաճյանը նույնպես արձագանքում է «Ընդունելություն Ընծայի» գրքին։ Նա այդ գրքի ոգով և ոճով «Մեղուի» էջերում զետեղում է մի նամակ 3. Տոլապյան ստորագրությամբ։ Վերջինս տեղյակ էր դարձնում Գր. Խապարաճյանին, որ հաշվի առնելով նրա գրքի նկատմամբ ծագած մեծ հետաքրքրությունը, ինքը համաձայնության է եկել «Մեղուի» խմբագրի հետ, նրա թերթի էջերում տպագրելու «Ընծան», որպեսզի «ժողովրդյան սիրտը շինվի» և հեղինակի ջանքերն ապարդյուն չանցնեն (տե՛ս «Մեղու», 1856, № 7, էջ 155)։

Այնուհետև Սվաճյանը «Մեղուի» 1857 թ. չորս համարներում տպագրում է «Ընծայում» զետեղված առաջին և երկրորդ առաջաբանները, Գ. գլուխը և խմբագրության եզրափակիչ խոսքը։ Այստեղ նշվում է, որ «Ընծայի» տպագրությունն ընդհատվում է իբր թե ընթերցողների բողոքի պատճառով («Մենք «Մեղուին» համար տարին 60 ղուրուշ կուտանք կոր նէ ափեղցփեղ «Ընծա» կարդալու համար չէ»)։

Սվաճյանը ոչ միայն երգիծական բազմազան հնարանքներով ծաղրում է Խապարաճյանի գիրքը և նրա «...Պատասխանին», որն անվանում է «60 փարանոց թաց վարտիք», այլև, որ ամենակարևորն է, տպագրելով նրա գրքի առաջաբանները, դիպուկ կերպով մերկացնում է հեղինակի հեռահար ծրագրերն ու միտումները, հայ եկեղեցին հռոմեականին մոտեցնելու նրա նպատակը։ Այս առումով շատ պերճախոս է Գ. գլուխը, որտեղ Խապարաճյանն առանց վարանելու դատապարտում է հայ հոգևորականությանը՝ հռոմեական