հոգևորականության հայացքները չեն ներդաշնակում դարաշրջանի առաջադիմական գաղափարներին։ Ընդհանրացնելով իր կարծիքն այս հարցի մասին, նա հայտարարում է, որ հոգևորականները վարկաբեկել են իրենց՝ մշտապես զբաղվելով զանազան դավերով ու բանսարկություններով և տարուբերվելով կրոնական տարբեր ուսմունքների մեջ: Իբրև ցայտուն օրինակ, նալբանդյանը մատնանշում է Գաբրիել Այվազովսկու գործունեությունը և նրա «Վարդապետարան» աշխատությունը։ Այդ գիրքը տպագրվել էր 1858 թ. Փարիզում և նախատեսված էր իբրև արևմտահայ դպրոցների կրոնական ձեռնարկ։ Նալբանդյանը խոսելով գիրքը գրախոսելու շարժառիթների մասին, կաթողիկոսին հայտնում է, թե պապականությունից լուսավորչական եկեղեցու գիրկը վերադարձած Այվազովսկու գրքում այնքան շատ են վրիպումներն ու զանցանքները և այնքան մեծ շեղումները հայ Լուսավորչական եկեղեցու սկզբունքներից, որ գիրքը կարող է դավանաբանական հարցերում ապակողմնորոշել մանուկ սերնդին։ Վկայակոչելով հայ ժողովրդի ազգապահության երկու վերջին գործոնների՝ լեզվի և կրոնի պաշտպանության կարևորությունը, Նալբանդյանը հայտնում էր, որ յուրատեսակ այս գրախոսությամբ ցանկացել է բացել ժողովրդի աչքը և դպրոցական սերնդին պահպանել պապականության վտանգից։
Հարց է ծագում. մի՞թե, իսկապես, անցյալ դարի 60-ական թվականների հեղափոխական իրադրության պայմաններում Նալբանդանի համար այդքան առաջնահերթ էր կրոնադավանաբանական հարցերի ոլորտներում նկատված Որևէ ճեղքվածքի առկայությունը, որ նա իր քաղաքացիական պարտքն էր համարում ահազանգել այդ մասին կաթողիկոսին։ Ո՛չ, իհարկե։ Այս հարցին նվիրված իր ծավալուն և մեծարժեք կոմենտարներում Աշոտ Հովհաննիսյանը հետևյալ բացատրությունն է տալիս։ «Գոտեմարտելով Այվազովսկու հետ կրոնական հնամաշ խնդիրների շուրջը՝ իսկապես ամենից քիչ դավանաբանական ֆորմուլների անաղարտությունն է Նալբանդյանի մտահոգության բուն առարկան: Փոխաբերելով այս դեպքին այն խոսքերը, որ ասել է Ֆր. էնգելսը անցյալ դարի 40-ական թվականներին Գերմանիայում արծարծված փիլիսոփայական գրչապայքարի մասին՝ կարող ենք աղդարարել. պայքարը մղվում էր աստվածաբանական զենքով, բայց ոչ մի կերպ՝ վերացական ֊աստվածաբանական նպատակների համար» («Անտիպ երկեր», էջ 341)։
Պարզ է միանգամայն, որ այս դեպքում հարցը շատ ավելի խոր արմատներ ուներ: Նալբանդյանին անհանգստացնում էր այն բացառիկ դիրքը, որ գրավում էր Գ. Այվազովսկին՝ իբրև Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ, գործունեության այն մեծ շառավիղը, որը տնօրինում էր նա՝ Խալիբյանի նյութական օժանդակությամբ։ Ցարական բարձրաստիճան չինովնիկության հետ ունեցած այն հիմնավոր կապերը, որոնք կարող էին մի օր աղետալից անակնկալներ հրամցնել դեմոկրատական շրջանակի հայ գործիչներին։ Նալբանդյանին մեծ չափով անհանգստացնում էր և թշնամական այն դիրքը, որ բռնել էր Այվազովսկին «Հյուսիսափայլ» ամսագրի նկատմամբ։ Սկսած 1858 թ. սեպտեմբերից, Գ. Այվազովսկին ակտիվ գործողություններ է ձեռնարկում «»Հյուսիսափայլ» ամսագրի դեմ, փորձելով դադարեցնել տալ այն։ Խաչատուր Լազարյանին ուղղած մի նամակում նա խնդրում է զգուշացնել Նազարյանին, որպեսզի վերջինս դադարի հայ հոգևորականների դեմ անպատեհ հոդվածներ տպագրել։ Այլապես, իբրև թեմի հայ գրքերի գրաքննիչ, նա հայտնում է, որ ինքն ստիպված կլինի «պաշտոնական ճանապարհով» դիմելու ներքին գործոց մինիստրին։
Եվ մինչդեռ Խ. Լազարյանը Ն. Դելյանովին հանձնարարում է կապվել Նազարյանի հետ, որից ստացած բացատրագիրը չէր բավարարել իրեն, և միաժամանակ այդ բացատրագրի պատճենն ուղարկում է Այվազովսկուն, հուսալով, թե նրանք ի վերջո կհասկանան