Է, որ դրական գնահատականի արժանացած այդ շարադրությունը «խեղճ բովանդակություն ունի»։ Ընդ որում, գիտնականը հակված է ենթադրելու, որ այդ պայմանավորված էր Պետերբուրգի համալսարանի «արևելյան ֆակուլտետի գիտական ցածր մակարդակով» («Անտիպ երկեր», էջ 395)։ Աշ. Հովհաննիսյանը միաժամանակ քննադատում է դիսերտացիայի հեղինակի կողմից պատմական պրոցեսի ըմբռնումը, որը «մեծապես ազդված է կրոնական-իդեալիստական նախապաշարումներից» (նույն տեղում, էջ 396)։
Խորեն Սարգսյանը նույնպես տարակուսանք է հայտնում, որ Նալբանդյանն աշխատել է մնալ հայագիտական այն տեսակետների մակարդակին, որոնք իշխում էին այդ պահին Պետերբուրգի համալսարանում ։ Խ. Սարդսյանը, այնուհետև, համեմատելով դիսերտացիան նալբանդյանի այդ Ժամանակի աշխատությունների հետ, ընդգծում է, որ այն չի համապատասխանում ոչ միայն Նալբանդյանի հեղափոխական դեմոկրատիզմին, այլ անգամ նրա անցյալ շրջանի լուսավորական գործունեության մակարդակին։ (X. Саркисян, Микаэл Налбандян и вопросы языка, Ереван, 1955, стр. 58—59, 62).
Սերգեյ Դարոնյանը, որ հանգամանորեն զբաղվել է Մ. Նալբանդյանի դիսերտացիայի հարցով, առաջինն է ցույց տվել, որ այն մեծ նմանություն ունի արևելագիտության մագիստրոս Կարապետ Եզյանի մի հոդվածին՝ նվիրված հայոց լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրությանը Եվրոպայում (տե՛ս «Современное обозрение», «Современник», 1858, № 4, стр. 257—264. տե՛ս նաև С. Даронян, Новые данные о диссертации М. Налбандяна, «Известия АН Арм. ССР», 1963, № 1, стр 79—83). Ս. Դարոնյանի կարծիքով՝ քանի որ Եզյանը պաշտպանում էր այն հայացքները, որոնք այս պահին Պետերբուրգի համալսարանում իշխում էին հայագիտության մասին, Նալբանդյանը նույնպես չի շեղվում ընդունված պաշտոնական տեսակետներից։ Ավելին, նա գիտակցաբար չի փորձել հակադրվել համալսարանում ընդունված իդեալիստական այն մտայնությանը, որով գնահատվում էին հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը։ Ահա թե ինչու Նալբանդյանն արտահայտում է մտքեր (համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում Ասիայի, այդ թվում Հայաստանի դերի չափազանցում), որոնք հատուկ չեն նրա աշխարհայացքին և համոզմունքներին (տե՛ս С. Даронян, Микаэл Налбандян, Ереван, 1975, стр. 197):
Որ Նալբանդյանի ներկայացրած ուսումնասիրությունը հավակնություն չուներ գիտական նոր աստիճանի հասցնելու հայագիտական մտքի գրվածքը Ռուսաստանում 60-ական թթ․, այդ, իսկապես, երևում է ուսումնասիրության կառուցվածքից և ժամանակի գիտական մտքի հայեցակետի անվերապահ կրկնությունից։ Այս առումով իրավացի են թե՛ Խ. Սարգսյանը, թե՛ Ս. Դարոնյանը, որոնք հարցի նման դրվածքը համարում են ժամանակի պաշտոնական գիտական մտայնությանը չհակադրվելու տակտիկական վարքագծի արտահայտություն։
Սակայն, հարցն ունի իր երկրորդ կողմը, որի հետ հաշվի չնստել չի կարելի։ Նալբանդյանը, որ առանց համալսարանական դասընթացն անցնելու, էքստերն ձևով, կարճ ժամկետում պետք է քննություններ հանձներ լավագույն շրջանավարտի կոչմանն արժանանալու համար, ինչպես նկատում է Աշ. Հովհաննիսյանը, բնականաբար, քիչ ժամանակ ուներ զբաղվելու շարադրության գիտական խորության հարցով և դրա անհրաժեշտությունը չէր զգում։ Չէ՞ որ XIX դարի երկրորդ կեսին ռուսական համալսարաններում թեկնածուի աստիճանը չէր չափվում դիսերտացիաներին առաջադրվող այժմեական պահանջների չափանիշով։ Այն համարվում էր գիտական ցածր աստիճան, որը շնորհվում էր համալսարանի լավագույն շրջանավարտներից նրանց, ովքեր ներկայացնում էին գրավոր աշխատանք՝