Այս էջը սրբագրված է

տալու համար։ Տեսած ենք այդպիսի սուտ ազգասերներից և այնպիսիքը, որ յուրյանց լեզվի քերականությունը անգամ չգիտեին, որ ծնած էին միմիայն խաբեբայության համար, և համարձակվում էին բազմության մեջ, ամենայն ամոթ ու պատկառանք հետ դրած, մեծ մեծ խոսել, թե հասուցած էին 400 աշակերտք։

Ովին են խաբում, թո՜ղ գնան յուրյանց գյուղերումը պարծենան շինականների առաջև, բայց մի օրինավոր ընկերություն այդպիսի անամոթ լրբությունը կարող էր միայն լրացյալ արհամարհանքով վարձատրել։

Մեր ասած ուսումնարանը, նման չէ այդ օբսկուրանտների ուսումնարանին. դոցա վարժապետքը, այն ողորմելի և թշվառ էակները աշխարհի երեսին, արժանի չէին ամենևին առանց պատրաստության ոտք կոխել մեր խնդրած ուսումնարանի շեմքի վերա։ Այն ուսումնարանը, որ կարող էր լուսավորության ավազան դառնալ մեր ազգի համար, պիտո է ուսուցաներ յուր աշակերտներին հայերեն, հունարեն, լատիներեն, ֆրանսիարեն, գերմաներեն և ռուսերեն, ընդհանուր պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, հայոց պատմություն, ռուսաց պատմություն, հնախոսություն, օրենսգիտություն, վաճառականության ուսմունք, վաճառականության պատմություն, վիճակագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ընդհանուր բնական պատմություն, գյուղական տնտեսություն, մեքենականություն, կրոնագիտություն, վայելչագրություն և նկարչություն։ Ահա՛ այն ուսումնարանը, որի լինելը ցանկալի և հոգով չափ փափագելի էր մեր ամեններիս սրտի համար։

Մի անփարատելի տխրություն է գալիս իմ վերա, երբ մտածում եմ, թե իմ սիրական հայը առաջնորդված լինելով մինչև այժմ օբսկուրանտների ձեռքով, կարդալով Հիշատակարանս — իմ միայնության և տխրության զավակը — ծիծաղելու էր իմ վերա, ծաղր առնելու ինձ, և դեռևս մի կարեկցություն ցույց տալով ասելու էր, «խեղճ մարդ, ի՛նչ բաներ է խոսում, ի՛նչ քարոզներ է տալիս, չգիտե, որ մեր ականջը ընդունակ է լսելու միայն ոսկու և արծաթի ձայն, չէ իմանում, որ մեր համար նա է օրինավոր ազգասերը, որ առանց մեզանից արծաթ խնդրելու բացում էր ուսումնարաններ և դեռևս գովում էր մեզ, մեր ազգը, մեր նախնական ավանդությունքը, չգիտե, որ մեր համար միևնույն է ուսումնարանի լինելը կամ չլինելը, բայց թե առանց մեր ձեռնտվության․ մի գյուղում, մի գոմի մեջ, երևում էր մի տիրացու ահագին գավազանը ձեռքին յուր աշակերտների ոսկերքը ջարդելու համար, և այդ տիրացուի առաջև կային նստած մի քանի երեխայք այբբենարանները ձեռքերին