Այս էջը հաստատված է

ձեռքով, որովհետև նոցա մասին, բայց ոչ նոցա օգտի համար խոսում էր այնտեղ Ղազարը, ինչպես երևում է նախընթաց և հետևյալ բաներից։ Ես պատմել էի պ. Իսահակյանցին աբեղաների անքրիստոնյա ընթացքը Մովսես Խորենացու խնկելի ոսկրների հետ, իսկ այժմ շոշափելի կերպով ցույց տալու համար, թե այդպիսի բան շատ մոտ էր աբեղաների հասկացողությանը, թող պատմեմ այստեղ, որ երկու տարի սորանից հառաջ ասիական Տաճկաստանի մեջ, մի հայոց եպիսկոպոս գերեզմանից փորել ու հանել է մի հայ քրիստոնեի ննջեցյալ մարմին և ձգել է շուների առաջև, պատճառելով, թե այն մարդը ավետարանական էր եղած։ Այս գործողությունը այնպիսի վատ տպավորություն գործել էր մինչև անգամ տաճիկների վերա, որ փաշան պայծառափայլ Դուռնից հրաման խնդրելով առանձին գերեզմանատուն նշանակեց ավետարանական հայերի համար, որ չէ ենթարկվում հայոց առաջնորդի իշխանությանը։ Այս բանի մասին շատ խոսք և զրույց հառաջացավ այն ժամանակ եվրոպական և ռուս օրագիրների և լրագիրների մեջ. թողում եմ այն մեծ գայթակղությունը մոտակա հայ ժողովրդին, որին մի չար բախտով անձամբ անձին վկա եմ գտանված։ Պ. Իսահակյանցը, այս տեսակ աբեղաներին անվանում է երանաշնորհ, բազմերախտ և սրբազնագործ, և նոցա գործը՝ հիշատակ ճշմարիտ ազգասիրության։ Իմ աչքումը այն մարդիկը, որ պարապում էին այսպիսի գործերով, ոչ թե միայն քրիստոնյա չեն, ոչ թե միայն քահանա կամ եպիսկոպոս չեն, այլև մարդ չեն։ Վա՜յ և դատապարտություն դոցա հավիտենական։ Եթե պ. Իսահակյանցի համար այդ, քաղաքական և եկեղեցական օրենքներով, որպես սոսկալի սրբապղծություն, դատապարտված գործերը են հիշատակ ճշմարիտ ազգասիրության, եթե այդ գործակատարքը են բազմերախտ, երանաշնորհ և սրբազնագործ, թո՛ղ նոցա բարեխոսությունը անպակաս լինի պարոն Իսահակյանցի գլխից, հեռի՜ մեզանից․ քա՛վ լիցի. անա՛թեմա։

Պ. Իսահակյանցը Խորենացու 4,000 տարեկան շինելու մեղքը ձգում է յուր վզից գրաշարի վիզը․ խեղճ ողորմելի գրաշար, քանի՛ քանի հեղինակի և գրողների մեղքը հանձն ես առնում և քավում ես դու. ի՛նչ պիտո է առնել. երևի այդպես նախասահմանված է նոցա վիճակը։ Պարոնը յուր ներկա հոդվածի վերջումը կամելով ցույց տալ յուր սրատեսությունը և մի մասնով արդարացնել 2,600 տարու փոքրիկ և աննշան սխալը, հրավիրում է ինձ կարդալ Հյուսիսափայլի 4 ամսատետրակի 338 երեսը, ուր, նորա ասելով, պ. Կոմս էմմանուելը Մեղուի ապրիլի 19-ին դուրս եկած թերթը, կարդում է Մոսկվայի մեջ ապրիլի 20-ին։ Ես բացի