այն հայերը, որ երբեմն խոսել են հին լեզվով։ Ավելորդ է ասել, որ այն պատմական և բնական ազդեցությունքը պիտի ցոլանային և լեզվի վրա. և այդ ազդեցությունքը արդեն իրենց պաշտոնը կատարելուց հետո անհնար է քերել հանել ազգի վրայից: Ուրիշ խոսքերով ասելով, ինչ պատմական և բնական պատճառներ ուներ հին լեզվի այնպես և ոչ ուրիշ տեսակ կազմությունը կամ ձևակերպությունը, նոր լեզվի կազմությունը և ձևակերպությունը ունի նույնպիսի պատմական և բնական պատճառք։ Եվ իսպառ տգետը չէ կարող մերժել այս դրությունը, որովհետև եթե այդպիսի պատճառներ չլինեին, լեզուն չէր ընկնիլ հեղափոխության տակ։ Հայտնի է, թե լեզուն չէ կարող կազմվել կամ փոխվիլ մի անհատի կամ խմբի ցանկությամբ և կամքով. լեզուն որպես ամբողջ ազդի սեփականություն կազմվում է կամ փոխվում է նույնիսկ այդ ազգի միջնորդությամբ, որ առանց պատճառի, առանց հարկի, առանց որևիցե ազդեցության ոչ մի խոսք ավելցնում է և ոչ մի խոսք պակասեցնում կամ այլայլում. այլ լեզվի ամեն շարժողությունը, դեպի որ կողմը և լինի, լինում է որպես հետևանք ներգործող պատճառի, որովհետև և տեսանելի առարկաների մեջ, որ ամեն օր մեր աչքի առջևն են, շարժողությունը ինքը պատճառ չէ, այլ պատճառի հետևանք։
Այս հիման վրա, ինչ իրավունք որ ուներ անտիկյան հայը խոսել հին լեզվով, հին ոճով, հին քերականությամբ, նույն իրավունքը, իր կարգով ունի և այժմյան հայը խոսել նոր լեզվով, նոր ոճով և նոր քերականությամբ։ Մերժել այս իրավունքը համազոր է պատմության և ժամանակի ազդեցությանցը տգիտանալու. բռնաբարել նոր լեզուն, որ նա աճե հին ձևի ազդեցության տակ, համազոր է պատմության և ժամանակի ազդեցությունքը և իրավունքը մերժելու։ Մեռածը, մեռած է, անցածը, անցած. կենդանին և ներկան, կենդանի և ներկա ժողովրդի սեփականությունն է, և անխլելի՜ սեփականություն։ Մինչև այսօր ոչ մի մեռած մարդ թեև շատ էլ ագահ եղած լիներ իր կյանքում, գերեզմանից դուրս չէ եկել, որ իր ժառանգների իրավունքը բռնաբարե և ժառանգությունը իր ձեռքը անցնե։ Եվ մեկ անգամ մեռածը, եթե դուրս էլ գալու լինի գերեզմանից՝ ժառանգը նորան իբրև օտարոտի մի երևույթ, իբրև մի ճիվաղ կհալածե, և ոչ միայն ժառանգություն, այլև լոկ ընդունելություն չի ցույց տալ, որովհետև մեռածը ապստամբում է բնության ընդդեմ, իր գերեզմանից դուրս գալով։
Հին լեզուն անդա՜րձ գնաց, որովհետև հին ժամանակները գնացին, և եթե գնացած չլինեին վաղուց, հին չէր լինեին. ինչ որ մնացել է, նորա պահպանությունը, նորա մշակությունը և նորան ծաղկեցնելը պիտի