Բայց չարագործը եկեղեցական է, մեր փույթը չէ․ մեք կդատապարտենք նորան պատմության առաջև, իսկ պարոն Չամուռճյանը եթե կամի խունկ և զմուռս ծխել այնպիսուն, ազա՜տ է։
Մի գործ կամ մի մարդ պաշտպանելու կամ դատապարտելու ժամանակ մեք հիմնվում ենք միմիայն այն անխախտելի հիմքերի վերա, որ ազատ իրավունքը և առողջ բանականությունը թելադրում է. հետևաբար ոչինչ կանխակալ կարծիք, ոչինչ սրբացուցած ավանդություն չէ կարող արգելք լինել մեզ։
Աշխարհի պատահական կոչումները և պատվանունները չեն կարող օրենքի և իրավունքի առաջև միջնորմն լինել հանցանքի և հատուցումի մեջ, որովհետև այս հատուցումը, վերստին կրկնում ենք, մի լոկ վրեժխնդրություն չէ, այլ հասարակաց իրավունքի պաշտպանություն։
Հոգևորականությունը, օրենքի և իրավադատության առաջև չունի այն միստիկական խորհուրդը, ինչ որ ունեցած տեսանում ենք պարոն Չամուռճյանի համար։
Հոգևորականք նախ և հառաջ քաղաքացի են և ապա հոգևորական, ուրեմն, որպես կցորդ քաղաքական իրավունքների, պատասխանատու հասարակաց օրենքի առաջև։
Մարդկության գլխից անցածը ուսուցել է մեզ, որ ամենայն յուր մեջ միայն փակված և կենտրոնացած կացություն, սկսած Եգիպտոսի քուրմերից մինչև Պիոս յոթերորդի ձեռքով վերականգնյալ պարոն Չամուռճյանի հոգեհարազատքը վնաս տվեցին մարդկության։ Այդ կացությունքը, կտրված, բաժանված հասարակաց մարմնից, ոգևորված դժոխային եսականությամբ, բռնաբարեցին ուրիշները և հափշտակելով նոցա ազատությունը զորացուցին յուրյանը չարաչար գործադրությունը ազատության։
Այնուհետև մարդիկ ընկան բարոյական դերության մեջ, այն է, մտքի և բանականության գերության մեջ, ուր մարդը համարձակություն չունի ինքնուրույնաբար մտածելու, այլ դատապարտված է հետևիլ յուր դահիճների թելադրության. նա ստիպված է գնալ այն ճանապարհը, որ օգտակար է միմիայն այդ կացութեններին։
Այո՛, շատ դարեր գնացին մարդիկ այդ ճանապարհը, բայց ի վերջո, երբ երես առ երես հանգիպեցան և զարկվեցան անանցանելի պատին, որ խաչաձև կտրում էր նոցա ճանապարհը, կանգ առին և սկսան մտածել։ Թե ո՛րչափ փոխված է այժմ այգ խավար ճանապարհը, կամ թե ո՛րչափ մարդիկ դեռևս առ թարթափ դնում են նորանով, շատ անգամ առաջնորդված պարոն Չամուռճյանի նման մի աղոտ լուսով լապտերի, այդ խնդիրը այս տեղիս վերաբերություն չունի։15