Այս էջը սրբագրված է

կասեն քեզ. — Պարո՛ն, մեզ կնիկ է հարկավոր ներկայումս, իսկ մեր գեղեցիկ նախամարդքը ապրեցան և մեռան երկու հազար տարի առաջ, և մեզ այս սերունդը թողեցին, որին այժմ դու չես հավանում։ Եթե մենք էլ քո խելքին ընկնենք, ասել է թե առանց կնիկ պիտի մնանք, որովհետև ներկա աղջիկները դոքա են, որ կան և դոցանից ուրիշ էլ չկան։ Բնությունը և ընկերական կյանքը կնիկ են պահանջում. կենդանի, շարժուն, ջերմություն և երակներում արյուն ունեցող էակներ։ Այն քարեղեն, մեռած, անշարժ, սառը արձանները, որ մեզ ցույց ես տալիս, թեև այո՛, գեղեցիկ են, բայց ի՛նչ օգուտ, որ ընկերական կյանքում չեն կարող մեր պետքերին ծառայել: Միմիայն նայելով նոցա սառը և անկենդան գեղեցկության վրա, կամ զարմանալով քանդակագործի հանճարեղ ճարտարապետության վրա, բնության հարկը չէ վճարվում, մեր տունը չէ կառավարվում, մեր այգիքը չեն մշակվում, մեր կերակուրը չէ եփվում, մեր շորերը չեն կարվում կամ լվացվում։ Կարո՞ղ ես, կրկնում ենք, գտնել գոնե՛ մեկ մարդ, որ լսե քեզ և վերացական գեղեցկության սիրահարվելով իրական աշխարհի պետքերը, այո՛, և իր մարդկային կոչումը ուրանա։

Մենք վերևը ավելորդ համարեցինք լատին լեզվի առաջարկությունը, մանավանդ այն պատճառով, որ նույն բանը, նույն առաջարկությունը կարելի է առնել և հայ մարդուն, որ նա խոսի Խորենացու կամ Եղիշեի ոճով ու լեզվով։ Հայտնի է, թե ներկա հայի համար անհնար է այս, որովհետև նա չգիտե այն ձև ու ոճը. նույնպես անհնար է և իտալացու համար, որովհետև լատինախոսությունը վաղուց արդեն թաղված պրծած է հռովմեական Ֆորումի և Կապիտոլիոնի ավերակների տակ:

Ո՛վ չգիտե Բենվենուտտո Չելլինու հոյակապ նստոլյցների արժանավորությունը. հայտնի է, թե եվրոպական մուզեոնների և անտիկասերների համար շատ բարձր գին ունին։ Բայց չնայելով սորա վրա՝ կարո՛ղ ես իբրև դրամ գործ դնել նորա մեդալիոնները։ Բազար որ տանի՜ս, շինականը քեզ ալյուր ու եղ կտա, որ բերես քո զավակները կերակրես։ Թե որ մի ընկերության մեջ փարայի և դրոշի սիքան ընդունում են և ճանաչում են, ու Չելլինու հրաշալի գործերի համար քեզ հաց չեն տալիս, ո՞րը կարող է քո պետքերին ծառայել, Բենվենուտտո Չելլինու մեդալիոննե՞րը, թե՞ փարան կամ գրոշը։

Ասենք թե ես պսակված եմ, կնիկս շատ էլ տգեղ է. գիտեմ, բայց երբ որ իմ կյանքը նորա կյանքի հետ անքակտելի կապերով կապված է, երբ նա իմ զավակների մայրն է, իմ տան կառավարիչը, ի՞նչպես ես կարծում, ես դուրս կձգե՞մ նորան, երբ գաս ու քարոզես ինձ մեկ կողմից