Այս խնդիր չէ, այլ ցնո՛րք։ Կարող է նա իր մորր չնմանելով ավելի գեղեցիկ լինել իր տեսակի մեջ, երբ նորա կազմվածքը պնդանա և ծաղկի, կարող է նաև գեղեցիկ չլինելով, իր ընդունակությամբ և լուսավորությամբ հարյուր անգամ նախընտիր և հարյուր անգամ պիտանի լինել, քան թե նորա մեռած մայրը։ Այսպես ևս նոր լեզուն չպիտի ստրկանա հնին, այլ պիտի մշակվի ինքնուրույնաբար։ Թող նա ներկա մեր պետքերի անհրաժեշտ ընդունակությունը և ձգականությունը ունենա, մենք գեղեցկության ճարտարապետից կամ սիրողից կխնդրենք, որ իր չափը ծոցը դնե, որովհետև նորը ընդունակություն և ձգականություն ստանալով պիտի և նոր չափով չափվի. մեր հնասերի չափը նորա համար կամ կարճ է կամ երկայն։
Բայց, լսում ենք, այստեղ բարձրանում են ձայները, թե «նոր լեզուն առաջացել է տաճկական տրամաբանության տակ, և եթե նորամշակությունը առաջ չտարվի հնի ազդեցության ստրկացնելով, այն ժամանակ էլ հայկաբանություն չի մնալ, այլ սոսկ տաճկաբանություն և այլն և այլն»:
Խոստովանենք, թե նոր լեզվի տրամաբանությունը շատ մոտ է տաճկական լեզվի տրամաբանության, նոր լեզվի բաղդասությունը շատ տեղ գրեթե նույն է տաճիկ լեզվի բաղդասության հետ. բայց ի՛նչ կանես, երբ բոլոր ազգդ այդ տրամաբանությամբ և այդ բաղդասությամբ է խոսում։ Մոռցնել նորան այդ բոլորը և քաշել տանել հին լեզվի տրամաբանության տակ, համազոր է հին լեզուն քարոզելու, որ իր կարգով համազոր է մարդկային կենդանի խոսքը ուրանալու։ Այն մարդը, որ մի անգամ հիմնավորապես հասկացել է լեզվի խորհուրդը, նորա պաշտոնը, այնպիսին, երբեք չէ կարող այսպիսի ոչինչ բաների առջև ընկրկիլ։ Ինձ հարկավոր է, որ իմ միտքը առջևիս կանգնած մարդը հասկանա․ ես գործ դնելով նոր լեզուն, կատարելապես հասնում եմ իմ նպատակին, այն մարդը հասկանում է իմ միտքը։ Բայց ձևերը և տրամաբանությունը մոտ է եղած տաճկականին, ինձ ի՛նչ փույթ կամ ինչ օգուտ իմ բուն հայկական ձևերով կամ հայկական տրամաբանությամբ խոսելուց, երբ լեզուն այն ձևերի տակ զրկվում է իր խորհրդից և չէ կարում վարել իր պաշտոնը, երբ խոսողը չէ հասնում իր նպատակին, որովհետև նորա խոսակիցը չէ հասկանում նորա միտքը այն ձևերի տակ։ Տաճկական տրամաբանությունը կամ բաղդասությունը, նոր լեզվի վրա ո՛չ Մարկոսը պատվաստեց և ո՛չ Կիրակոսը․ բնությունը, պատմական դեպքերը և հազարամյա ժամանակները տվին նորան այն ձև ու կերպարանքը, կարող ես անցած գնացած բաների ընդդեմ պատերազմ ել, կարո՞ղ ես