պես շատ անաջող փոխանակությունք բնական դեպքերի։ Ասես թե հեղինակի ուժը կտրվում է և գործ է դնում այդ հնարը մնացած պարապությունը լցնելու համար, որ իսպառ զանց տոնելի էր, որպես նաև Սոսը,իր եղբոր Պարետին, իր սիրահարվիլը պատմելը, ուր ասում է Սոսը, թե երազում է սիրահարվել Վարդիթերի վրա և այնտեղ մեջ է բերում նա ծերունու անտեղի և գաղտնախորհուրդ միջնորդությունը և այլն և այլն։ Այս էլ դարձավ անգյո՜ւտ Աբովյանի Վերք Հայաստանի գործի մեջ Մուսայի մի Հռիփսիմեի վրա երազում սիրահարվիլը, որին ոչ տեսել է, ոչ ճանաչում է և ոչ գիտե։ Մենք չգիտենք, թե ինչ մտածենք այս երևույթների վրա, բայց և այնպես գրական թերությունք և հնարների աղքատություն ենք համարում։ Բացի սորանից, դժար թե կարելի է թույլ տալ այն աստիճանի պարզամտություն լսողի կողմից (գուցե մենք սխալվում ենք այսպես կարծելով), որ հալած եղի տեղ ընդունի այս երազում սկսված, բայց լրջության մեջ իրագործված սերը։ Ինչևիցե. «Աստուած թողութիուն շնորհեսցէ»։
Գարեգինը շատ է գովված. նորա գործերը գովեստի չափով չեն։
Հեղինակը իր կողմից խոսելով հակամետ է զարդարել նորա գլուխը,բայց ինքը Գարեգինը իր ներգործությամբ դավաճանում է հեղինակին և շատ տեղ երևում է ոչ ավելի, քան թե մի խեղճ տիրացու։
Մենք, վերևը, երկու խոսքով մեղադրեցինք Սոսի քարափի գլխին աղոթելը և այն հերիք ենք համարում, որ վերստին չհիշենք ապառաժի անմատչելի լինելը, աղոթկերի Նարեկը, Եփրեմ Խորինը, Սաղմոսը, Սոսի ծնրադրությունից քարերի փոս ընկնիլը, Գարեգնի սրտի զեղմունքը, Յուղաբերի մոմերը և այլն և այլն, բայց այսքան ստիպված ենք ասել, որ Սոսը, որքան մենք այժմ նորան ճանաչում ենք, շատ հեռու է այդ տեսակ բաներից։ Եվ զարմանում ենք* ի՜նչ հարկ կա Սոսի սիրող, երգող, ուրախ և աշխատավոր բնավորությունը, որ ամեն տեղ երևում է, այդ մի դիպվածում բռնաբարելով կեղծ հատկությունը դնել նորա վրա։
Սոս և Վարդիթերի մեջ կան տեղեր, ուր ֆատալիզմը (ճակատագրականություն) ազատ հանդես է ստանում։ Սոսին և Վարդիթերին, որ չպիտի հասնեին իրենց ցանկության, միևնույն վիճակախոսքն են դուրս գալիս, որ գուշակում է նոցա գլխի գալիքը։ Իհարկե կարելի է ասել, որ պատահմունք է այս. կհամաձայնեինք, եթե հեղինակը այդ վիճակները հանելով առաջուց չտեսներ Սոսի և Վարդիթերի գլխին պատրաստվող փոթորիկը։ Եվ այս դեռ բոլորը չէ* «...Համա, խե՛ղճ տղա, զուր ես քեզ տրորում. ինչ կարծես կարծի, էդ մի կարծիլ. աստված դրան քեզ համար չի ստեղծել... Ինչ գրվել ա էն պտի ըլնիլ. ճակատի գրվածը ջնջվիլ չի.