կայմերի վրա, նույնպես հաճախ է պատահում այս. և եթե միայն մի լեզվաձև լույս է երևում, սնապաշտ նավաստիքը շատ բարկանում են, որովհետև նոքա հավատում են թև մրրիկ կլինի այնուհետև. իսկ թե երկու հատ, այդ դիպվածում նորան ասում են Կաստոր և Պոլլուկս, — նավաստիքը ուրախանում են, որովհետև աջող նավարկություն են բերում Կաստորը և Պոլլուկսը, հունական անտիկյան առասպելի հերոսքը։ Շատ անդամ պատահում է, որ եկեղեցիների գլխի խաշերը լուսավորվում են այսպիսի էլեկտրական լուսով. շատ անդամ ագռավները թռչելով այն ամպի մոտից, որի էլեկտրականությունը մեղմաբար միանում էր երկրագունդի էլեկտրականության հետ, երևել են զարմացած և ապշած ամբոխին լուսեղեն կտուցով։ Նույն այս բնական երևույթը նկատված է շատ անգամ և ցած տեղերում. շատ անգամ ծառերի ճյուղերը լուսավորված են. շատ անդամ մարդիկ կարծել են, թե էրվում են կրակում, և սարսափել են իրենք, իրենց տեսնելով <<ի հանդերձս լուսաւորս>>:
<<Կայծակի ժամանակ, հունվարի 8-ին, 1839-ին, — ասում է հռչակավոր Արագոն, իր ուսումնական քննության մեջ՝ կայծակի մասին. (Notice Scientifique sur le Tonnére, հ. XXX)—երբ կայծակը զարկեց Հասսելտյան եկեղեցու աշտարակին, Ցվոլլեի և Հասսելտի միջոցում (Հոլլանդիո մեջ. առաջինն ամրոց է, այժմ գրեթե ավերակ, իսկ երկրորդը քաղաք) գտնված գեղացիք նկատեցին մի օտարոտի երևույթ։ Վերը հիշված կայծակի զարկելուց մի քանի ակնթարթ առաջ, նոքա տեսան, որ բոլոր նոցա հալավները (շորերը) կրակված են։ Այդ կրակը անցնելու (մարելու, հանգցնելու) համար զուր տեղը աշխատելու ժամանակ սարսափանքով նկատեցին, որ ծառերը և նավի կայմերը նույն բոցով էին փայլում: Կայծակի զարկելն ու այդ սքանչելի կրակների անհայտանալը մի ակնթարթում կատարվեցավ»։
Ո՞րքան ուրիշ այսպիսի դիպվածներ առաջ է բերում Արագոն, վերը հիշված հոյակապ աշխատության մեջ. ո՞րքան այսպիսիք հիշված են գերմանացի Ցիմմերմանի ֆիզիկայի մեջ, մենք չենք ուզում ամենը այստեղ դնել։ Այլ այնչափ միայն հիշեցինք, որ տեսնեն և հավատան, թե այդ կրակները և լուսերը ոչ բարձր են ամպերից և ոչ առանց երկրի գործակցության [են] առաջանում։ Բնությունը, ինքը, ոչ թե մի լոկ հրաշք է, այլ բարձր քան թե հրաշք. և այս պիտի ստիպվի ընդունել ամեն մարդ, որ ուսումնասիրում է նորան: Բնությունը միայն կարող է հասկացնել մեզ արարչի մեծությունը և փառքը. <<Երկինք պատմեն զփառս Աստուծոյ և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն>>։ Արարիչը, մեկ անգամ ստեղծելով բնությունը