Այս էջը սրբագրված է

տվել է նորան անխախտելի և սուրբ օրենքներ, որ բնավ և մեկ մազի չափ խոտորմունք չունին. «Սահմանն եդ և ոչ անցանեն»[1]։ Այդ оրենքով կառավարվում է ամեն ինչ, որ մենք տեսնում ենք, կամ ինչ որ բնավ չենք տեսնում, տիեզերքի անչափելի տարածության մեջ։ «Դնէ զձիւն որպես զասր և զմէգ որպես փոշի ցանեաց։ Արկանէ զսառն որպէս պատառոտ առաջի ցրտոյ նորա ո՞կարէ կալ»։ Ի՛նչ վսեմ նկարագրություն։ Բայց այս բոլորը լինում են այն մեկ անգամ դրված оրենքով, ինչպես մարդը ապրում է և բազմանում է, թեև առաջին մարդը միայն դուրս էր եկած բուն աստուծու ձեռքից։ Ամեն հրաշք, որ ո՛վ և իցե կարող էր մտածել, շատ ստո՛ր, շատ տկա՛ր և շատ չնչի՛ն է, քան թե այն հրաշքը, որ արարիչը, բնության միջնորդությամբ ցույց է տալիս մեզ ամեն օր, ամեն րոպե, և ամեն վայրկյան։ Նա չէ հերետիկոսը, որ քննելով և ուսումնասիրելով բնությունը ամեն վայրկյան ստիպվում է ասել բնության ճարտարապետին, իր սրտի աղոթարանից, «Որպէ՛ս զի մեծ են գործք քո Տէր». այլ նա, որ ոչ միայն ինքը չէ ուզում և չկամի իմաստասիրել բնությունը. «զերկինս և զերկիր զգործս մատանց նորա, զլուսին և զաստեղս զորս նա հաստատեաց», ո՛չ. հերիք չէ այս, այլև արգելում է, որ ուրիշն էլ նորա կամավոր կուրության հետևելով չտեսնե և չուսանի. «ինքն ոչ մտանէ և որոց մտանենն արգելու»: Նա, որ այս բոլորի մեղքը ծածկելու համար, ինքը իր թշվառ գլխից տեսությունք և համակարգությունք է հնարում ընդդեմ բնության աստվածադիր սահմաններին, քաշքշելով այն օրենքները, որ մարդու կամքին բնավ չեն ենթարկվում, այո՛, այդպիսին աստուծու արտոնությունն է հափշտակում երկրի երեսից։

Դու, որ Նեապոլսի մեջ ցույց ես տալիս ինձ մի շիշ, ուր կա մի քանի կաթիլ արյուն և պատմելով, թե այդ արյունը այս կամ այն ժամանակ եռ է գալիս, ուզում ես դորանով քարոզել ինձ այլև աստվածը, որի դրած օրենքները, մի ակնթարթում, ինչպես Երեմիայի «Կաթսայ յեռան-ռեան» եռացնում են ահագին օվկիանը, ես խելագա՞ր եմ, որ օվկիանի մեծափառ հրաշքը թողած, քո երկու կաթիլ չորցած արյունին նայիմ. և այն ժամանակ, երբ բյուրավոր այդպիսի կաթիլներ, բայց կենդանի արյունի, ամեն վայրկյան եռում են և շրջան են կատարում իմ երակներում։

  1. « Եւ ամենայն արարածք անբանութեամբ կատարեն զհրամանս պատուիրանի Նորա, ոչ երբէք անցանեն ըստ եդեալ սահմանն իւրեանց». Եղիշէի վարդ. Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին, Մոսկվա, 1861, եր. 66 քաղված այն նամակից, որ Արտաշատի սուրբ ժողովը գրեց Հազկերտին: