Այս էջը սրբագրված է

Մենք մեր կողմից շնորհակալություն ենք հայտնում արգո հեղինակին, որ բացում է ազգի այս տեսակ բարոյական խոցերը, որ ծածկված մնալով ոչ միայն կարող են փտիլ, այլև իրենց վարակիչ որակությամբ շատ կորստաբեր լինել։ Սոքա ընդհանուր մարդկության խոցեր են և ոչ լոկ մեր ազգին սեփական. թերևս շատ, ընդհանուրի, խոցերից ազատ է մեր ազգը։ Չկարծեն, թե այս խոսքերը ասելով խունկ ենք ծխում ազգին, ո՛չ. միայն ճշմարտությունն ենք խոստովանում։ Կուզեի՞ն որ ավելի ասենք. ահավասիկ. ուրիշ, նաև լուսավոր ասված, ազգերի բարոյականությունը (ազգ ասելով հասկանում ենք հասարակ ժողովուրդը) շատ ցա'ծ է հայոց ազգի բարոյականությունից։ Մենք կարդում ենք լուսավոր աշխարհներում գործված հանցանքների և ոճիրների վիճակագրությունքը և տարեգիրքը. այս տողերը գրելու միջոցին, մի քանի այդպիսի գրքեր ընկած են պատուհանիս վրա, մեզ սարսափեցնելու համար։ Թեպետ մեր ազգի մասին չունինք այսպիսի գրքեր, բայց կենդանի ազ- գը, որի հետ փոքր ի շատե ծանոթ ենք, առնում ենք որպես մի անխարդախ գիրք, և համեմատելով ուրիշների վիճակագրությանց հետ ասում ենք այն խոսքը, թե մեր ազգը շատ խոցերից ազատ է։ Բայց, չնայելով սորա վերա, երևեցած խոցերն էլ պիտի բանալ և բժշկել։ Թեև մի փոքր հիվանդ լինելը մերձիմահ հիվանդությունից ան¬ համեմ՛ատ լավ է, սակայն կատարյալ առողջությունը կամ առողջանալու համար աշխատելը ավելի լավ։ Աշտարակ գեղի հասարակաց տեսչության և հասարակաց տնտեսության մասին մենք լսում ենք մի շատ պարզ և սրտաշարժ խոսակցություն, երբ Սոսենք, գիշերով, արաղ են քաշում իրենց այգում։ Դառը բողոք լսվում է Վայկունի բերնից. «մեր գեղի ամեն բանն էլ լա՛վ ա, ափսո՛ս որ քեթխուդեքն ու տանուտերը մի քիշ շահասեր են. էս ի՞նչ ա, հիմի խարջ են կիտում, ես մի խեղճ մարդ եմ, նրանք ինչ որ ինձ կհասներ խարջը տալու, էրկու էնքան են առել. սաքի ասում են, որ գեղի միջին տարեկան մասրաֆ ա էլել, փչացել ա, պտի լրացնենք. համա ո՞րտեղ, քոմմա իրանք են ուտում, քյասիբ քյուսուբի տունը քանդում, իրանցը շինում. ես գրողամնա մի հիքի ունիմ, ինձ տարել են զոռով կապել իրեք հիքատիրոջ հետ, թե արի' խարջ տուր, էլ չեն ասում, թե աչառը գոմշի հետ կարա՞ լուծ անիլ» (եր. 169)։ Տխրություն է գալիս մեր վրա, երբ հիշում ենք, թե հարստահարված երկրագործը կամ շինականը բռնադատված է լուռ մնալ իր հարստահարողների ընդդեմ և միայն գիշերով, ծածուկ, խորհրդական առանձնության մեջ բողոքել, երբ ոչ ոք չէր լսում նորա բողոքը... 230