Սոսի կարծիքը այդ տեսակ բամբասված ազգային կառավարիչների մասին, թեև մենք պատրաստ ենք ընդունել որպես մի չար երգիծաբանություն, բայց խոստովանում ենք ցավելով, որ շատ մարդ ստուգապես այդ կարծիքի տեր է։ « Ա՛յ տղա, ի՞նչ ես խալխի ոտը քաշում, Վա՛յկուն,—ասում է Սոսը,— էդ ո՞ր զեղումը չի մասրաֆ ըլնիլ.մի մովրով (կառավարության աստիճանավոր) կամ եսավուլ, որ գալիս ա բա նրան հաց չի՞ պետքը, պատիվ չի՞ պետքը, հավի միս չի՞ պետքը, գառը, գինի, արաղ չի՞ պետքը. դու քու երեխին, որ մի կապա ես կարում, թե էքսի օրը խոսքիցդ դուս ա գալի, ասում ես, թե ա՛յ որդի, քեզ շոր կարեցի, որ ինձ ականջ անես, դու ջլիս (իսպառ) քառականջ (խուլ) դառար։ Հիմի նա մեր վրա ինչքան ա միտք անում. մեր աղեն ա, որ տեսություն գնանք, բա մի կարաս գինի, մի հինգ լիտր արաղ չըպտի՞ տանինք. հավողի ժամանակ ա գալի, թազա հավող, լավ դեղձը, չի՞ հարկավոր տանինք. էս հո մենակ մեզ համար չի՞, սաղ աշխարհքի օ րենքն ընենց ա. դու քու բարությունիցն ես տանում,աբարանցին էլ տանում ա ձիանոնց տարեկան գարին, քուրդը՝ նրա գառն ու ոչխարը, թուրքը նրա եղն ու պանիրը, դաշտցին՝ յոնջեն, ցորենը. ամեն մարդ էլ իրան գեղի գտնվածից տանում ա նրան»։
—Սոս ջան,—պատասխանում է Վայկունը,—էդ դրուստ ես ասում, համա ինչքան էլ որ ըլնի, էդքան շատ մասրաֆ խարջ չի ըլնիլ.սրա միջին մեր իշխաններն էլ են շահվում։
—Ես արմանում եմ քեզ վրա,—խոսքի մեջ է մտնում Սոսի մեծ եղբայր Պարետը,— ա՛յ տղա, բաս իշխանները քու հոր մշա՞կն են, որ ամեն մովրով, վարդապետ, մենծ մարդ գալուս, տանում են իրանց տանը վեր բերում, իրանց երեխի բերնինը կտրում, նրանց ուտացնում. հալբաթ որ մի շահմունք չունենա, ընչի՞ կանի, նա էլ քեզ պես մի մարդ։
Բայց Վայկունը էլ առաջ է տանում իր բողոքը,—ի՞նչ են խարջում, եղն էլ, հացն էլ, միսն էլ, ամեն բանն էլ գեղիցը գզիրը մինի տեղակ հնգապատիկ հավաքում ա ու բերում. ո՞վ գիտի թե ընչանք կրում ա, որ մովրովը գնալուց հետո տասն օր ուտում են չի հատնում. մի տունն ա նրանն ըլնում., ես էլ, որ ընենց տուն ունենայի, էն աղեքանց ոտը կպաչեի, իմ տանս վեր կբերեի, խոսքս կշտին կտրուկ կըլներ, ո՛ւմ տունն ուզեի կքանդեի, ումն ուզեի կշինեի. ձիս որ դհովն ուզեի, դենը կքշեի. հիմի մովրովը գալուս, թեզով իշխանն ա գնում գլուխ տալի, բարովում, աղավար խոսում, հետը նստում վեր կենում. համա ես, որ տեսնում եմ էկավ, գլուխս առնում եմ կորչում, թե հիմի գզիրը կքցի ճիպոտի տակը (1) թե արի ձին բռնի, տար գոմումդ պահի, խոտ, դարի տո՛ւր,