Այս էջը սրբագրված է

ջին աստիճանի բարբարոս ազգերի մեջ եղած կանացի ստրկության նշանակը,— արջի նման, կանանց և աղջիկների քթից ահագին օղ անցնելը,— աղեկտուր լինելով տեսած ենք այն ուխտավորների մեջ։ Թողում ենք եգիպտական ծարիրը (սյուրմե) և պարսկական խինան, որոնցից առջնովը արտևանունքն են ներկում, իսկ երկրորդովը մատները։ Ո՞վ քարոզեց ժողովրդին թողուլ այդ վնասակար բաները, ո՞վ փույթ տարավ ոչխարի առողջության և ապահովության։ «Աղաչեցէ՛ք զՏէր հնձոցդ հանել զմշակս ի հունձս իր»։ Եթե մեր սրբասնունդ և հրեշտակակրոն, երկնաքաղաքացի և ամպաչու, եթերաճեմ և օդասլաց կղերը հոգ տաներ գո՛նե այսպիսի բաների, մի՞թե մինչև այսօր էլ պիտի երևեին դոքա։ Բայց, այս է բանը, որ դոցա վերանալը կամ մնալը, որևիցե կապով կապված չէ նոցա էական խորհրդի հետ.... «Մեր տերտերներին էլ աստված բարի տա, — ասում է Գարեգնի բերնով անիրավ Պռոշյանցը (եր. 2), — բողազներին հուպ տաս երկու այբ չի վեր ընկնիլ, անջախ մաշտոցին են ջան տալի, էլ չեն ասում, թե քարոզեն բալքի էս սովորույթքը վերցվի»*։ Բայց մենք երթանք դարձյալ Աշտարակ։ Ասենք, թե Աշտարակը այգեգործ է. բարի է, բայց այգին, տարին տասներկու ամիս չէ կապում երկրագործի ձեռքը, մնաց որ այգեգործության մեծ և ծանր պաշտոնները երիտասարդների վրա պիտի լինի բնականապես, բայց, մի՞թե չկան այնպիսի թեթև աշխատությունք, որ առանց ծանր ուժ գործ դնելու առաջանում են, եթե միայն աչքաբաց խնամատարություն լինի շինականի կողմից։ Եթե միայն շերամաբուծությունը առնելու լինինք, որ գրեթե լոկ մայիս ամսի գործ է, եթե չասենք էլ, որ երիտասարդքը մայիսին գրեթե ազատ են, որովհետև ոչ թաղելու, ոչ էտելու և ոչ այգեքաղի ժամանակ է, եթե չասենք, որ նաև վար ու ցանքով պարապած երիտասարդքը ազատ են մայիսին, որովհետև ցանը վերջացած է, իսկ խոտհնձի ժամանակը հունիսի սկզբում, երբ շերամի բանը պրծած է, այլ թե ասենք, որ լոկ ծերերը, աղջիկները և պառավները պարապեն այս բանով, որքա՞ն օգուտ կարող է ստանալ Աշտարակը կամ ուրիջ գեղեր։

  • Խե՛ղճ Պռոշյանց չգիտե տակավին, որ պ. Չամուռճյանը կարո՛ղ է նորան էլ անհավատ անունով մկրտելով Միջնադոնյան հերետիկոսարանի անդամ հրատարակել:Մոտենալ առյուծի ավարի՞ն... Անպատի՞ժ։ Սպանիական ոգին չունի այդպիսի չար թույլտվությունք։


236