Այս էջը սրբագրված է

պայմանների տակ թուրքինը, որ կերպարանագործվել է նույն պայմանների տակ ինքնուրույնաբար կերպարանվել է և հայինը՝ այդ մասին թող որչափ կամին լինին շատ կամ քիչ հավանական կարծիքներ, բայց մենք այս երևույթը առնելով որպես իրողություն, տեսնում ենք, որ չնայելով մեր նոր լեզվի բարբառների տարբերության, նորա տրամաբանությունը, և բաղդասությունը ամեն տեղ մեկ է։ Խաչակիր արշավանք քարոզել այդ բաղդասության ընդդեմ, հին լեզվի բաղդասության իրավունքը պաշտպանելով, համազոր է նոր լեզուն սպանելու և ժամանակի և պատմության արդեն արած պրծած ազդեցությունքը ուրանալու։ Մենք կարող ենք շատ բան ցույց տալ և հին լեզվից, որ նույն է այսօրվա աշխարհաբարի կամ տաճիկ ասված բաղդասության կամ ձևի հետ, հերիք չէ այս, կան ոճեր և ձևեր, որ սեփական են գրեթե համորեն մարդկության։ Մեկ մարդ տասը տարի մնալով մի օտար ընկերության մեջ, քիչ շատ ընկնում է այդ օտար լեզվի, օտար ոգու ազդեցության տակ, հայը հազար տարի ընկած լինելով թուրքի, թաթարի և ուրիշների ազդեցության տակ, ի՞նչպես կարելի է պահանջել, որ պատմական իրողությունքը իրենց կնիքը խոր չդրոշմեին ազգի սրտի և հոգու վրա, ինչպես կարելի է, որ այդ դրոշմը չցոլանար նորա լեզվի և մտածելու ձևերի վրա։

Հայոց ազգը գեդեոնյան բո՞ւրդն էր, որ ցողի տակ մնալով չթրջվեր, թե՞ մովսիսյան մորենին, որ կրակից չէրվեր, հայտնի է, թե այս սքանչելի հատկությունքը չէր կարող ազգը ունենալ, հայտնի է թե պիտի թրջվեր էլ, էրվեր էլ։ Բայց այդքան բան անցնելուց հետո, երբ պատվաստը (լավ է թե վատ, այն չէ խնդիրը) բնիկ է դարձել, հնար կա՞ այդ բոլորը քերել հանել հինգ միլիոն ժողովրդի վրայից և նորա տեղ բուն հայկական տրամաբանությունը կամ բաղդասությունը դնել, որ այսօր անսովոր է ազգին։ Ի՞նչ էական խորհուրդ ունի կենդանի ժողովրդի իրավունքը ոտքի տակ կոխելը, քանի հազար տարի առաջ մեռած հայերի իրավունքի անունով։

Շատ ազգերի գաղթականը ուրիշ մեծ ազգերի մեջ մտնելով անհայտանում են կամաց-կամաց։ Հայոց ազգի մեջ մտած են հրեայք, ինչպես Բագրատունիք և ուրիշ շատ հասարակ ցեղեր։ Հայոց ազգի մեջ մտած են հնդիկներ, ուր Լուսավորչի ժամանակ էլ դեռ իրենց նախահարցը որպես աստված պաշտում էին Տարոնում։ Հայոց ազգի մեջ մտած են չինացիք, ինչպես Մամիկոնյանց ցեղը։ Գուցե այդ ցեղի նախահայրը, երբ փախչում էր Չինաստանից, իբրև երևելի մարդ, ունենար իր ծառայքը կամ բարեկամքը, որ նույնպես մտան հայոց ազգի