չունի, բայց հասարակ բայանուններից տարբերվում է նորանով, որ բայի լծորդության արմատը ունի իր մեջ. գործել, դառնալ, թողուլ, հաշտիլ, որոնք իրենց ծայրի տառերը միմայն դեմք ցույց տվող տառերով փոխանակելով, ինչպես մ, ս, է արդեն ստանում են բայի կատարյալ ուժը և զորությունը, մինչդեռ բայանունները, որ ճիշտ աներևույթ եղանակի նշանակություն ունին, չեն կարող այս կերպով բայի պարագայք ստանալ անունի պարագայքը իրենց վրայից ձգելով։ Սորանից երևում է, որ այս բայանունները կամ նույն բայերի աներևույթ եղանակները կարող են միմյանց փոխանակ գործ դրվել, որովհետև նշանակություններն միևնույնն է և աներևույթ եղանակը տարբերվում է այդ անուններից նորանով, որ միայն դեմք ցույց տվող տառեր առնելով իր վերջը կատարելապես բայի որականություն է ստանում, ուրեմն ժողովուրդը դատապարտելի չէ, եթե այդ ումն վերացական առքական անուններն փոխանակել է նույն բայերի աներևույթ եղանակով, որ հեշտ հոլովվում է երկրորդ հոլովումի տակ, ինչպես մարդ, մարդու. հավատարիմ մնալով ժողովրդին, մենք պարտական ենք ընդունել այս կանոնը, բայց ոչ դրականապես։ Տաճկաստանի նորահյուս հայ հեղինակները շատ տեղ գործ են դնում այս առքական անունները առանց նու-ի, ինչպես հերքում, մերժում, հոլովելով հերքումի և մերժումի։ Պիտի թույլ տալ այս ձևը, որովհետև շատ անգամ երկու աներևույթ եղանակներ միմյանց քամակից են գալիս, եթե բնական աներևույթ եղանակից հետո ումն էլ դարձնում ենք ել, ինչպես մերժումն-մերժել։ Հայտնի է թե այս բոլոր բացառությունքը, որ անում ենք ժողովրդի ձևի ընդդեմ, պիտի խնամով, զգուշությամբ և միայն անհրաժեշտ եղած տեղը գործ դնել և ոչ թե բան գործ շինել։ Իսկ բուն հին ձևի գործադրությունը— հեղումն-հեղման և այլն, չպիտի թույլ տված, թեև մինչև այժմ ազատ չենք նորանից և կարճության համար[1] ստիպվում ենք երբեմն գործ դնել։
- ↑ Արդարությունը պահանջում է խոստովանել, որ այս կարճության համար պահելն էլ իրավունք չէ։ Նոր լեզվի բառը կարճ է թե երկայն, որ այդպես է ձևավորվել, մենք ի՞նչ իրավունք ունինք մերժել այդ բառը: Հին լեզվում չկա՞ն բազմավանկ բառեր:Բայց այս կա, որ անհնար է մեկ օրվա մեջ կամ մեկ տարու մեջ միայն տեսական կանոնների վրա հիմնվելով հազար տարու ավերանքը շինել, հերիք է եթե միայն այդ ուղղությունով առաջ երթանք: