Սյունյաց աշխարհում մնալը Մուշե կաթողիկոսի օրով էր, ուրեմըն 502 թվականից հետո. թե՞ ուզում է ասել. այս այն Մուշեն է, Սամվելից հետո կաթողիկոս նստավ 502 թվականին։
Թեպետև չգիտենք, թե այս երկուքից ո՞րը կամենում է հասկացնել պարոն էմինը, բայց այդ բնավ արգելք չէ մեզ, որ երկուքն էլ միասին մերժենք, որպես իսպառ անհիմն բաներ:
Նախ, Փարպեցու հիշած Մուշե քահանայապետը Հայոց կաթողիկոս չէ, այլ Սյունյաց եպիսկոպոս, Սյունյաց հռչակավոր Ստեփանոս եպիսկոպոսի հաջորդը, և նույնչափ երևելի և առավել ևս, Պետրոս եպիսկոպոսի նախորդը, որ քերթող է կոչվում։ Փարպեցին պարզապես անվանում է Մուշեին Սյունյաց եպիսկոպոս, երբ «երթեալ ’ի Սիւնիս կեցի» ասելուց հետո, նույն երկրի վերաբերությամբ ավելցնում է «քահանայապետ աշխարհին» խոսքը, որով, հատկացնելով նորան Սյունյաց երկրին, պարզացնում է բանը և էլ պատճառ չէ թողում, որ ո՛վ և իցե համարե նորան հայոց կաթողիկոս։ Բացի սորանից, Փարպեցին վկա է բռնում Մուշեին, Սյունյաց երկրում իր ունեցած վարքին ու բարքին. «զառաջինն կելոյն իմոյ զվարս' տէր Ներսէհ և Հրատ Կամսարական գիտեն. զՍիւնեացն՝ յառաջագրեալ եպիսկոպոսն աշխարհին». որ ասել է. Հունաստանից վերադառնալուց հետո, երբ բոլոր խռովոլթյանց և պատերազմների ժամանակները Կամսարականների մոտ էի, այդ միջոցին վարած կյանքիս որպիսությունը նոքա գիտեն, կարո՛ղ եք նոցանից տեղեկանալ։ Իսկ երբ պատերազմները վերջացան և ես, հանգչելու և աղոթքի պարապելու համար, գնացի Սյունյաց աշխարհր և երկու տարի կեցա, ձմեռները Մովսեսի մոտ Անձուկ ասացյալ տեղում, իսկ ամառները Մուշեի մոտ, որ տանում էր ինձ, ուր և ինքը դուրս եկած էր լինում ապահովության, այդ կյանքիս որպիսությունն էլ այս հիշված Սյունյաց եպիսկոպոսը գիտե։
Երկրորդ, ինչպես առաջ էլ ասացինք (§ 20), մեծ Վահանը հաշտվեցավ Պարսից տերության հետ 484 թվականին։ Մինչև այս իրողությունը, Փարպեցին, ինչպես ինքը վկայում է, կեցել է Կամսարականների մոտ, և հաշտությունից հետո գնացել է Սյունյաց աշխարհը, ուր մնացել է միայն երկու տարի, Փարպեցին գնացել է այնտեղ նույն 484 ին, և հետ է եկել 486-ին, որովհետև վերադառնալով Սյունյաց երկրից, նա տակավին կենդանի գտավ սուրբ Հովհան Մանդակունոին, որ վախճանեցավ կամ նույն 486-ի վերջերում կամ 487֊ի սկզբում, և որովհետև 484-ին էլ, 486<-ին> էլ ս. Հովհան Մանդակունին էր կաթողիկոս, ուրեմն Փարպեցուն, ամառները իր մոտ ընդունող տեր Մուշեն չէր կաթողիկոս: Եվ որպեսզի Աղվանից