Այս էջը սրբագրված է

գործադրություն քարոզել, որով արդեն հառաջացած պատառվածքների զայրույթը գո՛նե ամոքել պետք էր, եթե անհնար էր իսպառ ապաքինել. իսկ անխորհուրդ մարդիկ, միջնադարյան դատապարտյալ ուղղությանը ձեռքում խաղալիք դարձած, դեռևս կացին և ուրագ են սրում որ ո՛չ միայն եղած ճեղքերը պահպանեն, այլ և սաստկացնեն այդ պատառվածքների մարմաջը։ Մենք դատապարտում ենք այդպիսիներին:

Եվ դատապարտում ենք այն պատճառով, որ ամեն ողջամիտ հայ կհամաձայնի մեզ հետ, թե այդ ուղղությունը չէ կարող արդարանալ ո՛չ կրոնաբար, ո՛չ բարոյապես և ո՛չ լուսավորության կամ քաղաքակրթության անունով։ Թողում ենք հայոց եկեղեցու արդարացի փաստերը և պատճառները մերժելու այդ ատելի ժողովը, խմորը տգետ, խորհուրդ թշնամության, որ, այո՛, մեծ վնասներ տվել է հայոց ազգին, առիթ և գործիք լինելով խավար հույների ձեռքում։

Կրոնարար չէ արդարանում, որովհետև Քրիստոս աղաղակում է, «որ հաւատայն յիս՝ կեցցէ. սիրեցէ՛ք զմիմեանս, որպէս սիրեցի ես զձեզ. յայսմ գիտասցեն ամենեքեան եթէ դուք իմ աշակերտք էք։ Տո՛ւք հաց քաղցելոց, արբուցէք զծարաւիս, զգեցուցէք զմերկս, ժողովեցէ՛ք զօտարս, տեսէ՛ք զհիւանդս, ա՛յց արարէք բանտարկելոց. և զոր ինչ կամիք թէ արասցէն ձեզ մարդիկ՝ արարէք դուք նոցա»։ Ահա այն էական առանցքը, որի վերա շրջան է կատարում քրիստոսյան եկեղեցին։ Ահա այս աստվածային պատվիրանքների մեջ դրած է փրկության թեությունը։ Դու, եթե, սոցա ընդդեմ, խռովություններ հանելով անսիրության և բացարձակ թշնամության պատճառ ես լինում, այնուհետև կամենաս քառասուն ժողով ընդունե, քո քրիստոնեությունը լոկ խոսք է և գործով թշնամի ես Քրիստոսի աստվածային վարդապետության: Քրիստոնեությունը, էական ուղղափառությունը, լոկ խոսք չէ, այլ գործ, և երանի այն մարդուն, որի խղճմտանքը մաքուր է և հանգիստ: Քրիստոսի վարդապետության մեջ կռիվ չկա, հայհոյություն չկա և քրիստոսի վարդապետության աշակերտների մեջ խտիր չկա. «Հիսուս Քրիստոս ոչ թլպատութիւն ինչ կարող է՝ և ո՛չ անթլպատութիւն:» Երուսաղեմի եկեղեցին թլպատյալ էր, հեթանոսաց եկեղեցին անթլպատ։ Երուսաղեմի եկեղեցին հրեական օրենքի գործերն էր պահում, մինչև անգամ Պավղոսը յուր քարոզություններից վերադառնալով ստիպվեցավ հրեական օրենքով տաճարում սրբվիլ, իսկ հեթանոսաց եկեղեցին չէր պահում այդ գործերը և ոչ իսկ մովսիսական օրենքը, բայց ամենքն ևս քրիստոնյա էին, որովհետև չէին մկրտված ավետարանիչ առաքյալների անունով, այլ Հիսուսի Քրիստոսի: Արդարև, այն տարբերությունքը հասկացողությանց, կամ